Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 20-ին, Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխվի եւ ազատ արձակվի հենց դատական նիստերի դահլիճից:
«Հայաստանը եւ Ֆրանսիան այս ոլորտում նույն լեզվով են խոսում, որովհետեւ դա մարդու իրավունքների կոնվենցիան է: Ստորագրել այդ կոնվենցիան եւ չկիրառել այն, նշանակում է ոտնահարել մարդկանց իրավունքները: Կալանքը նրա անմեղության կանխավարկածի ոտնահարում է: Այն որ զոհված տղաների ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն հասկանալի է, սակայն երբ տուժող կողմի փաստաբանը, եւ դատախազը սկուտեղի վրա ներկայացնում են Վարդան Պետրոսյանին, դա սխալ է»,- ասաց Մարի Լոռ Դոզեն:
Նրա խոսքով՝ տուժողները չեն ցանկանում հրաժարվել, այն մտքից, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել, քանի որ առանց դրա այս գործը դատարկ է. «Ես ապշած եմ, երբ ես շրջում են Հայաստանում եւ մարդկանցից հարցնում այս գործի մասին, բոլորը խոսում են, որ պատահարը եղել է խմածության պատճառով, դա շշմելու է, քանի որ գործերի մեջ մի փաստ չկա, որը կհաստատի, որ նա խմած է եղել»:
Ֆրանսիացի փաստաբանը համոզված է, որ Վարդան Պետրոսյանը պատահարի ժամանակ չի օգտագործել բջջային հեռախոս եւ սթափ է եղել:
«Նրա սթափությունը հաստատված է փոձաքննությամբ, ուրեմն ի՞նչ է մնում՝ ոչինչ: Մենք ամրապնդում ենք տուժողների ատելությունը, նրանց ատելությունը բնական է, սակայն այն չպետք է ներս մտնի դատարան: Վերջին որոշումը հաստատում է՝ Վարդան Պետրոսյանի կալանքի տակ մնալը բարոյական նկատառումներից ելնելով է տեղի ունենում: Սակայն արդարադատությունը բարոյականություն չէ, եթե այն նույն է, ուրեմն մենք այստեղ գործ ունենք վրեժխնդրության հետ»,-ասաց Մարի Լոռ Դոզեն:
Փաստաբանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանը ազատության մեջ գտնվելով՝ չի կարող ազդեցություն ունենալ տուժողների, վկաների եւ ձեռք բերված ապացույցների վրա, առավել եւս իր պաշտպանյալը չի պատրաստվում երկրից փախչել: Նրա պնդմամբ՝ դերասանին կալանքի տակ պահելը վնասել է նրա առողջական վիճակը. «Արդյո՞ք նրա առողջական վիճակը համապատասխանում է նրան, որ բանտ տեղափոխեն, եւ բանտ տեղափոխելուց հետո արդյո՞ք տուժող կողմի վիշտը փոքրացել է, թե մի օր էլ կհամարեն,որ բանտախուցն էլ է շատ: Այս մարդու մահն էլ չի մեղմացնի նրանց վիշտը: Ողբերգության կանոններն են այդպիսին»:
Մարի Լոռ Դոզեն ասաց, որ դատավարութունը ընթանում է Եվրոպական կոնվենցիայի խախտումով:
«Եթե այս դատավարությունը շարունակվի այսպիսի ոգով, ապա տարիներ հետո Հայաստանը պետք է դատապարտվի Հայաստանն ընդդեմ Պետրոսյանի դատական գործով: Հիշենք, այս դեպքը ողբերգություն է, եւ ոչ քրեական հանցագործություն»,-ասաց Մարի Լոռ Դոզեն:
Ֆրանսիացի փաստաբանի ելույթից հետո դերասանին սատարելու եկած հարազատներն ու ընկերները ծափահարեցին, դատավորը նրանց նկատողություն արեց ու զգուշացրեց, որ հաջորդ անգամ եթե դա կրնկնվի, սանկցիա կկիրառի ծափահարողների նկատմամբ։
Դատախազը եւ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը իրենց ելույթում ասացին, որ միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման:
«Դատավարական կողմերի, վկաների վրա ճնշում գործադրելը նրա ազատ արձակվելուց հետո Հայաստանից մեկնելը հիմնական պատճառներից է, որ նա պետք է մնա կալանքի տակ»,-ասաց դատախազը:
Վարդան Պետրոսյանը միացավ իր ֆրանսիացի փաստաբանի միջնորդությանը՝ ասելով. «Հնարավոր է՝ ճնշում գործադրեմ, կամ փախչեմ, շնորհակալ եմ դատախազին, որ առաջինը նշեց, թե ինչի է ինձ կալանքի տակ պահում: Բայց բոլորիս համար պարզ է, որ ես ճնշում չեմ գործադրի: Ազատ լինելու դեպքում իմ քայլը կարող էր լինել միայն նախնական քայլ Հակոբյանների հետ հաշտեցման գործում»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:











