«Վերնիսաժում» մայիսի 17-ին մեքենայի կայանման պատճառով վեճի բռնվելուց հետո անկանոն կրակ բացած ու հինգ քաղաքացու վիրավորած Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Նա կտեղափոխվի «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկ։ Այսօր՝ մայիսի 21-ին, դռնփակ դատական նիստում նման որոշում կայացրեց Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը՝ բավարարելով քննիչ Աշոտ Մինասյանի միջնորդությունը։
Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ թեեւ ինքը դեռ ամբողջությամբ չի ծանոթացել գործում առկա նյութերին, սակայն կալանքը հիմնավորող նյութերին ծանոթանալով՝ այս պահին արդեն վստահաբար կարող է ասել, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքը համարժեք չէ նրա արարքին։
«Հենց այն, որ գնդակը, օրինակ, հետացատկ է կատարել եւ կպել է ասֆալտին, կամ որ բոլոր տուժողների մոտ վնասվածքները գոտկատեղից ներքեւ են, իսկ մեղադրանքն առաջադրված է սպանության փորձ կատարելու համար։ Այստեղ չի կարող խոսք լինել սպանության մասին»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ սպանության փորձի դեպքում գոտկատեղից ներքեւ չեն կրակում։
Փաստաբանը համաձայն չէ մեղադրանքին նաեւ խուլիգանական դրդումների մասով. «Հանրային վայրում կրակոցներ արձակելը դեռ խուլիգանություն չէ»։
Լրագրողների հարցին՝ արդյոք առկա է դեպքի տեսագրություն, փաստաբանն ասաց, որ հնարավոր է, բայց ինքը դեռ ծանոթ չէ գործի բոլոր նյութերին։
Հարցին՝ հնարավոր է, որ հետագայում տուժողներից երկուսի կարգավիճակը փոխվի մեղդրյալի՝ հաշվի առնելով տարածված տեղեկությունները, թե նրանցից երկուսը վեճը հրահրողներն են, փաստաբանը ասաց. «Համենայն դեպս, մեղդրանքի ձեւակերպման մեջ հանցակազմի նշույլներ կան, սակայն այս պահին հստակ ասել, թե ինչ ապացույցներ ունի նախաքննական մարմինը, կամ կառաջարկի մեղադրյալի կարգավիճակ, թե չէ, անհնար է ասել»։
Երեմ Սարգսյանը նաեւ նշեց, որ հինգ տուժածներից մեկն ասել է, որ բողոք չունի, մյուսների մասին ինքը տեղեկություն չունի։
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարոյի») փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում, «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), ինչը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում։











