Ոչ իշխանական խորհրդարանական ուժերը կառավարության ծրագիրը բոյկոտեցին, քանի որ նրանց մոտ «չէ» ասելու մոտեցումներ են ձեւավորվում: Այս մասին ՀՀԿ 15-րդ համագումարի մեկնարկից առաջ այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագիրը բոյկոտելու եւ քվեարկությանը չմասնակցելու ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների որոշմանը։

«Փորձում են հաղթահարելի դարձնել այն, ինչը կարելի էր ավելի լավ օգտագործել, այն է՝ համագործակցությունը, կշիռներ ավելացնելը: Նրանց բոյկոտել-չբոյկոտելը կախված է հենց իրենց հեղինակությունից, որովհետև իրենք էլ քաջ գիտակցում են, որ կարելի է ավելի հզոր ճանապարհ անցնել, ավելի նոր որդեգրումներ ունենալ: Կարծում եմ, որ իրենք ժամանակ շահելու որեւիցե խնդիր ունեն, այսինքն, որ առաջիկայում իրենց շարքերը համալրեն, և դա է պատճառը, որ հիմա փորձում են  դեմ արտահայտվել առհասարակ իշխանություններին»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով խորհրդարանական մյուս ուժերի հետ համագործակացությանը՝ Գալուստ Սահակայնը նշեց. «Քաղաքական դաշտն այնպիսին  է, որ անկախ նրանից  թե կոալիցիա ստեղծվեց թե ոչ, մենք հնավորություններ պետք է տանք, որպեսզի մյուս կուսակցությունները եւս կարողանան իրենց արարման ճանապարհն անցնել»:

ԱԺ նախագահը հերքեց ԱԺ գործարարը պատգամավորների վրա կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ճնշումներ գործադրելու մասին տեղեկությունները:

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության հասցեին հնչող սուր քննադատություններին, Գալուստ Սահակյանն ասաց. «Եթե դու մեծ բեռ ես տանում, մեծ հարվածներ ես ստանում, բայց եւ իրավունք չունես հակադարձելու, միշտ պիտի առաջ գնաս»։