Նախագահականի մոտ հերթական անգամ բողոքի ակցիա անցկացնող՝ «Հարսնաքարի» գործով 6 դատապարտվածների հարազատներին այսօր՝ մայիսի 27-ին նույն գործով դատապարտված Արման Բաղդասարյանի փաստաբան Հունան Պողոսյան հորդորեց այլեւս բողոքի ակցիաներ չանցկլացնել, քանի որ դա կարող է դիտվել որպես ճնշում դատարանի նկատմաբ։

«Քանի որ մայիսի 30-ին արդեն «Հարսնաքարի» գործով դատական նիստ է նշանակվել Վերաքննիչում, ես խորհուրդ կտամ դատապարտվածների հարազատներին, որ ակցիաներ չանցկացնեն այս ընթացքում»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հունան Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ «թեեւ գործի քննության ընթացքը ցույց է տվել, որ իր պաշտպանյալ Արման Բաղդասարյանն անմեղ է», սակայն նրա համար չափազանց խիստ պատիժ են նշանակել, այդ պատճառով ինքը վերաքնիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով կամ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ արդարացման դատավճիռ կայացնել, կամ գործը նորից ուղարկել առաջին ատյանի դատարան քննության:

«Հարսնաքարի» գործով կայացված դատավճիռը հասարակությանը հետաքրքրող որեւէ պատասխան չտվեց: Այսինքն՝ ընդհանուր քրեական գործի, դեպքի բացահայտում տեղի չունեցավ: Էս մարդկանցից որեւէ մեկը չի ասում՝ արդարացրեք բոլորին, կամ որեւէ մեկը պատասխանատվություն չկրի, բոլորը խնդրում են, որ տեղի ունենա նորմալ, անաչառ դատաքննություն եւ օբյեկտիվորեն բացահայտվեն գործի բոլոր հանգամանքները, սակայն դա այս պարագայում տեղի չունեցավ»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ «Հարսնաքարի» գործով դատապարտվածների հարազատներն այսօր նախագահականի մոտ էին գնացել «Տարանջատել Հարսնաքարի գործը՝ արդարացնելով անմեղներին», «Հարսնաքարի անարդար վճիռով մի կործանեք անմեղ ընտանիքներին» գրությամբ պաստառներով:

«Իմ տղան անմեղ է, ինձ թվում է արդարությունը կհիվանդանա, բայց չի մեռնի, կչարչարվենք, բայց գուցե հասնենք ինչ-որ բանի»,-ասաց Արման Բաղդասարյանի մայրը՝ Շուրա Բուդաղյանը:

Արման Բաղդասարյանի կնոջ՝ Աստղիկ Մանուկյանի խոսքով՝ իր ամուսինը դեպքի մասին իմացել է Դավիթ Հայրիյանից, որն էլ այդ մասին դատարանում վկայություն է տվել:

«Ամուսնուս հեռախոսազանգերի վերծանումն էլ ցույց է տալիս, որ այդ ժամանակ նա հեռախոսով է խոսել, չի կարող այնպես լինել, որ մարդ հեռախոսով խոսի ու այնպես խփի, որ մարդ մահանա»,-ասաց երկու անչափահաս երեխաների մայր Աստղիկ Մանուկյանը:

Մատուցող Դավիթ Ադամյանի կինն էլ նշեց, որ իր ամուսինը դեպքի վայրում չի եղել, ռեստորանի շենքից դուրս չի եկել, «միայն ներսում ապտակել է Վահե Ավետյանին», սակայն նրան բոլորի հետ հավասար դատապարտել են 12 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով բոլոր 6 ամբաստանյալներին դատարանը, դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ մեղադրողը 13 տարվա ազատազրկում էր պահանջել ամբաստանյալների համար։