ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի փոխարեն «Վերնիսաժում» կփորձեր վեճը խաղաղ հարթել։

Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն դիտարկմանը, որ գուցե ինքն էլ Գոռ Առաքելյանի փոխարեն կկրակեր, եթե իր կնոջ ու երեխայի ներկայությամն ստորացնեին իրեն։

«Չգիտեմ՝ Ալիկ Սարգսյանն ինչ է ասել, ես ամեն ինչ խաղաղությամբ կհարթեի։ Գործը սրան չէր հասնի»,- ասաց ոստիկանապետը՝ նշելով, որ ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է գործը, եւ մեղավորները կպատժվեն։

NEWS.am-ի դիտարկմանը, թե դեպքի վայրում է եղել Արագածոտնի մարզի ոստիկանության քննչականի պետ Մարատ Դուրյանը, Վովա Գասպարյանը պատասխանեց.

«Ճիշտ է, այնտեղ քննիչ է եղել։ Բայց դա արդեն դատախազության գործն է, ոչ ոստիկանությանը։ Ես չեմ ցանկանում խառնվել այլ գերատեսչության աշխատանքներին»։

Լրագրողների խնդրանքով՝ ոստիկանապետն անդրադարձավ նաեւ Կոտայքի մարզում մայիսի 23-ին հնչած կրակոցներին, որի առնչությամբ ձերբակալվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականները. «Կրակոցները հնչել են գազային ատրճանակից։ Քրեական գործ է հարուցվել, նույնիսկ մեղադրանք է առաջադրվել։ Անկախ ամեն ինչից մեղավորները կպատժվեն»։

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու կողմից Գորիսի երկու բնակիչներին ծեծելու եւ դանակահարելու դեպքին, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ոստիկանությունը պարզել է, որ մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, դեռ քրեական հանցակազմ պարունակող փաստեր չկան գործում, այդ պատճառով էլ քրեական գործ չի հարուցվել։

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, որ Սյունքի մարզպետն արդեն ընդունել  դնակահարությանը փաստը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Սյունիքի մարզպետից կճշտեք»։

Լրագրողների հարցին, թե ինչու  նախկին ոստիկանապետի հետ ներկայիս ոստիկանապետը չի շփվում, Վլադիմիր Գասպարյանը ժպիտով պատասխանեց. «Ինքը շատ ժամանակ ունի, ես չունեմ, դրա համար էլ չենք հանդիպում»։