Շոտլանդիայում երեք հոգի զոհվել է ավտոռալլիի ընթացքում: Մրցարշավորդներից մեկը կորցրել է կառավարումն ու բախվել ամբոխին: Պատահարից հետո մրցարշավը դադարեցրել են: Ոստիկանությունը հետաքննություն է վարում:
Վթարը տեղի է ունեցել մայիսի 31-ի երեկոյան եռօրյա ավտոմարաթոնի ընթացքում, որը նվիրված էր «Ֆորմուլա-1»-ի լեգենդար շոտլանդացի մրցարշավորդ Ջիմ Քլարքին, ով մահացել է 1968թ.-ին Գերմանիայում մրցարշավի ժամանակ:
Ականատեսների խոսքով՝ մեքենան սկզբում «կողքի է շրջվել, որից հետո դուրս եկել ճանապարհի մյուս հատված ու բախվել չորս հոգու»: Փրկրարաների տեղեկությունների համաձայն՝ տուժողներից մեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Էդինբուրգի արքայական հիվանդանոց, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Սա միակ միջադեպը չէ, որը տեղի է ունեցել ռալլիի ընթացքում: Ողբերգությունից երկու ժամ առաջ մեքենաներից մեկը հինգ հոգու էր հարվածել, որոնցից մեկն այժմ գտնվում է ծանր վիճակում:











