Հայաստանն առանց քաղբանտարկյալների։ Այս բացականչությունով այսօր՝ հունիսի 4-ին, «Շանթ եւ ազատություն» հիմնադրամի անդամները նախագահի նստավայրի մոտ դիմավորեցին պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերին։

Ակտիվիստները Շվեյցարիայի նախագահին տեսնելով անգլերեն եւ ֆրանսերեն բացականչեցին «Շնորհակալություն», «Բարի գալուստ» եւ «Հայաստանը քաղբանտարկյալների երկիր է», ինչին Շվեյցարարիայի նախագահը չպատասխանեց, միայն շրջվեց եւ նայեց նրանց ուղղությամբ։ Ակտիվիստներին այդպես էլ չհաջողվեց մոտենալ նախագահին եւ նրան հանձնել անգլերեն եւ ֆրանսերեն երկու նամակ, որոնցից մեկում Շվեյցարիայի նախագահին ուղղված շնորհակալական խոսք էր՝ Շանթ Հարությունյանին եւ նոյեմբերի 5-ի դեպքերի կապակցությամբ կալանավորված մյուս քաղբանտարկյալներին սատարելու խնդրանքով մի քանի ամիս առաջ իրենց բաց նամակին արձագանքելու եւ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հետ կապված մտահոգություն հայտնելու համար։ Մյուս նամակում ներկայացված էր քաղբանտարկյալների խնդիրը Հայաստանում։

«Բացարձակ անտեղի բանտարկված են։ Նրանց երեխաներն էլ կիսասոված, անտեր մնացել են, ոչ ոք նրանց չի օգնում։ Սա անհեթեթություն է։ Եվ քանի որ Շվեյցարիայում գիտեն՝ ինչ բան է ազատ երկիրը, ուզում ենք նրա ուշադրությունը գրավել»,- NEWS.am-ին ասաց ակցիայի մասնակիցներից Ժաննա Գասպարյանը։

Ակցիային մասնակցում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նաեւ պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի հարազատները։

«Նա արձագանքել էր նամակին՝ ողջունելով պայքարը եւ մեծ գնահատական տալով ազատ խոսքին։ Ըստ երեւույթին, նա ճանաչել էր, որ այդ տղաները քաղբանտարկյալ են։ Եկել ենք շնորհակալություն հայտնելու, որ նրա համար կարեւոր են ոչ միայն իր երկրում, այլեւ այլ երկրներում ազատությունները»,- NEWS.am-ին ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը։