Երևանի պետական տնտեսագիտական եւ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական ընդունելության քննություն հանձնողները, այսօր՝ հունիսի 6-ին, չնայած նախազգուշացմանը, իրենց հետ քննասենյակ էին տարել հեռախոսներ, որոնք ստիպված եղան թողնել հանձնաժողովի անդամների մոտ։

«Չնայած ծնողներին ասել էինք, որ քննական կենտրոնում խլացուցիչներ են դրված, եւ հեռախոսներ ներս չբերեն, բայց հեռախոսներ են բերել, որոնք մենք վերցրել ենք մեզ մոտ մինչեւ քննության ավարտը»,- ասաց Տնտեսագիտական համալսարանի քննական կենտրոնի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Վարդանյանը։

Հանձնաժողովի անդամները բացատրեցին քննության կարգը, որից հետո քննական թեստերի կապոցը բացվեց եւ քննությունն սկսվեց։

Դիմորդները, որոնք չէին կարողանում թաքցնել իրենց հուզմունքը, NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ լարված են, սակայն բարձր գնահատակաների ակնկալիքներ ունեն։

«Ինքնուրույն եմ պարապել, մարտական եմ տրամադրված, 20 եմ ստանալու»,- ասաց Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դիմորդներից մեկը։

Համալսարանի շենքի դրսում անհամբեր իրենց երեխաներին էին սպասում ծնողները, որոնք խմբերով մոտենում էին մոնիտորներին եւ փորձում գտնել իրենց երեխաներին։

Նշենք, որ մեր հարցախույզը ցույց տվեց, որ այս տարի ավելացել է առանց կրկնուսույցների օգնության, ինքնուրույն պարապող երեխաների թիվը։ Նրանցից մեկը Բժշկական համալսարանի քննական կենտրոնում առաջինը քննությունն ավարտած՝ Արեւելագիտության ֆակուլտետի դիմորդ Մարին էր, որը վստահ էր, որ բարձր գնահատական է ստանալու։

«19-ից բարձր եմ ստանալու, թեստը հեշտ էր, պայմանները լավ էին, համենայնդեպս, ինձ ոչ ոք չէր խանգարում։ Մենակ եմ պարապել, ու կարծում եմ շատ աշխատասիրության եւ չհանձնվելու դեպքում հնարավոր է՝ մենակ պարապելով բարձր գնահատական ստանալ»,-ասաց դիմորդը։

Նշենք, որ այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից քննություն  է հանձնում 8000 դիմորդ։