Երեւանի Արաբիր եւ Քանաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 6-ին, մերժեց պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը կալանքը փոխելու միջնորդությունը (ֆոտոռեպորտաժ)։
Վոլոդյա Ավետիսյանին սատարելու համար դատարան եկած ազատամարտիկները իրենց ընկերջը դիմավորեցին «Ազատություն, Վոլոդյա» բացականչություններով։ Ընդմիջման գնալուց առաջ պահեստազորի գնդապետը բարձրացրեց բռունցքը եւ ասաց. «Ազատություն բոլոր հայերին»։
Նշենք, որ դատն անցնում է ազատամարտիկներով եւ քաղաքացիական ակտիվիստներով լի դահլիճում, բավական լարված մթնոլորտում։ Դահլիճում տեղ չկա, ազատամարտիկին սատարելու եկած ակտիվիստները նիստից առաջ վիճում էին կարգադրիչների հետ, որ իրենց թույլ տան ներս մտնել։
Նիստի ընթացքում դատավորը մի քնաի անգամ զգուշացրեց, որ չլռելու դեպքում ինքը ստիպված կլինի դահլիճում գտնվողներին հեռացնել, եւ դատն անցկացնել միայն լրագրողների ներկայությամբ։
Մինչեւ դատական նիստի սկիզբը դատարանի դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին ազատամարտիկները, «Նախախորհրդարանի» անդամները, «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը։
Նրանք Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու կոչեր հնչեցրին, հայրենասիրական երգեր երգեցին, նաեւ լսեցին Վոլոդյա Ավետիսյանին նվիրված ռեփ-կատարումը։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











