Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 6-ին, ընդհատվեց սկանդալով։ Երբ դատախազ Կարեն Հարությունյանը կարդում էր Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, դահլիճից Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած մի կին բացականչեց. «Վերջացրեք էս հեքիաթը։ Ձայնասկավառակը մեզ ցույց տվեք։ Մենք 21-րդ դարում ենք ապրում»։

Դատավոր Լեւոն Ավետիսյանը կնոջը կարգադրեց դուրս գալ, բայց նա դուրս չեկավ՝ բղավելով. «Դուք հիմա ժողովրդի՞ն եք ծառայում, թե՞ պետությանը։ Դուրս չեմ գալու, մինչեւ հարցիս չպատասխանեք»։

Դատական կարգադրիչներին նույնպես չհաջողվեց կնոջը դուրս բերել։ Նրան միացան դահլիճում հավաքված ազատամարտիկները, դատավորը, տեսնելով, որ հնաչավոր չէ լռեցնել ազատամարտիկներին, կարգադրեց Վոլոդյա Ավետիսյանին դուրս բերել դահլիճից, ինքը նույնպես հեռացավ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած բազմությունը չի հեռանում դահլիճից, նրանք աղմկում են ու պահանջում անհապաղ ազատ արձակել պահեստապետի գնդապետին, երգում են հայրենասիրական երգեր։ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու են գնացել նաեւ «Նախախորհրդարանի» երիտասարդ անդամները, «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, որոնք մինչեւ նիստի սկսվելը բողոքի ակցիա անցկացրին դատարանի բակում՝ հայտարարելով, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյալ է։

Դատավորի հեռանալուց հետո որոշ ժամանակ անց դատական կարգադրիչներից մեկը դահլիճում բողոքող ազատամարտիկներին փոխանցեց դատավորի ասածը, որ նիստը կշարունակվի միայն լրագրողների ներկայությամբ։ Ազատամարտիկները հայտարարեցին, որ ոչ մի տեղ չեն հեռանա։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am