Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ, 18-ամյա զորակոչված Գագիկ Ներսիսյանին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովն այսօր՝ հունիսի 5-ին, որոշեց ուղարկել կրկնակի բուժզննման, քանի որ նրա մոտ նկատեց մտավոր հետամնացության նշաններ։
Գագիկի մայրը տղայի հիվանդությունը ներկայացնելիս նշեց, որ առաջին անգամ դպրոց ուղարկելուց են նկատել հիվանդությունը։
«Մտածում էինք՝ տղա երեխա է, կմեծանա, կանցնի, բայց էս հասունացման շրջանում ավելի լարված է դարձել։ Ջղայնացած պահին չի մտածի՝ դա իր մեծն է, ինչն է»,- պատմեց Գագիկ Ներսիսյանի մայրը։
Հանձնաժողովի անդամները հարցեր տվեցին Գագիկին, որին նա գրեթե չէր արձագանքում, կամ կարճ ու կցկտուր պատասխաններ էր տալիս։
Մայրը նշեց, որ տղան վախենում է մարդկանցից. «Տղամարդկանցից է շատ վախենում, մեկ էլ, որ, ասենք, հարեւանի կանանցով նստած ենք, կգան կնստի կամ 10 տարեկան երեխաները, որ խաղում են կգնա, ժամերով իրենց խաղին կհետեւի, բայց չի խաղա»։
Նշենք, որ Գագիկ Ներսիսյանը 3 օր անցկացրել էր հոգեբուժարանում, որտեղ հետեւել են նրա վարքին եւ եզրակացություն են տվել, որ նա պիտանի է զինվորական ժամկետային ծառայության։
«Էսի պիտի գնա ծառայի՞, էս ուղեղով սրան պիտի բանակ տանե՞ն, սրա վրա ուղեղ չկա»,-դուրս գալուց առաջ վրդովված ասաց զորակոչիկի հորեղբայրը։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանն ասաց, որ հանձնաժողովը կմիջնորդի Գագիկին կրկնակի բուժզննման ենթարկել։











