Ինչու Հայաստանում ընդունելության միասնական քննություններին չեն մասնակցում հաշմանդամություն ունեցող դիմորդներ։ Լրագրողի հարցը այսօր՝ հունիսի 6-ին, «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունից առաջ ԵՊՀ-ում բացված քննական կենտրոն ժամանած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հանկարծակիի բերեց։
Աշոտյանը դիմեց գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի օգնությանը՝ հետաքրքրվելով՝ իսկապե՞ս չկան նման դիմորդներ, ու թեեւ Գագիկ Մելիքյանն ասաց, որ այս պահին չկան, նախարարը պնդեց. «Հնարավոր չի՝ չլինեն, խնդրում եմ՝ ստուգեք»։
Ընդունելով, որ Հայաստանում բոլոր դպրոցներն ու շենքերը չէ, որ հարմարեցված են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար, նախարարը, այնուամենայնիվ, նշեց, որ Հայաստանն այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարել, իսկ մեր երկրի ներառական կրթության ծրագրերից «չունի Արեւելյան Եվրոպայի որեւէ երկիր»։
«Ես չեմ կարծում, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնին դիմող ծնողներ լինեին, որ իրենց երեխաների համար ինչ-որ հարմար պայմաններ ապահովեն, ու չապահովեին», - ավելացրեց Աշոտյանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











