Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի գործով ընդհատված դատական նիստը հետաձգվեց վերսկսվելուց անմիջապես հետո։
Դահլիճում գտնվող ազատամարտիկները բողոքի բացականչություններով դիմավորեցին դատախազին, տեսնելով Վոլոդյա Ավետիսյանին՝ սկսեցին վանկարկել՝ «հերոս»։
Դատավորը փորձեց սկսել դատը, բայց «Նախախորհրդարանի» երիտասարդներից մեկն ասաց, որ դատավորին փոխանցելու բան ունի եւ բարձրացրեց «Կապել են ամուր փալասով քո աչքերը, ձեռքիցդ էլ կախել են կշեռքը ժանգոտ, ոնց որ գողացել են քո կշռաքարերը, արդարություն ես դու կույր ու վախկոտ» գրությամբ պաստառը։
Դատական կարգադրիչները նիստերի դահլիչից հեռացրին «Նախախորհրդարանի» անդամին, ազատամարտիկները սկսեցին բողոքել եւ գոռգոռալ՝ պահանջելով անհապաղ փոխել Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը եւ ազատ արձակել նրան։
Դատավորը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է եւ հեռացավ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այժմ ազատամարտիկները կանգնած են դատարանի դարպասների մոտ, որտեղից պետք է դուրս բերեն եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխեն Վոլոդյա Ավետիսյանին։
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանն ապարդյուն փորձում է հանդարտեցնել ազատամարտիկներին՝ կոչ անելով հանգիստ ճանապարհել Վոլոդյա Ավետիսյանին։ Նրանք չեն ցանկանում բացել ճանապարհը։ Դատարանի մոտ հավաքված են մեծ թվով ոստիկաններ։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











