ՀՀ պետական կառավարման ակադեմիայի այս տարվա շրջանավարտներից մեկը կաշխատի նախագահի աշխատակազմում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Կառավարման ակադեմիայի 20-ամյակի միջոցառման ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ կընտրեն լավագույնին։
«Վստահ եմ, որ շատերը կաշխատեն պետական կառավարման համակարգում, բայց մենք չափազանց կարեւորում ենք ձեր աշխատանքը նաեւ նախագահի կառավարման աշխատակազմում, որովհետեւ շատ կարեւոր է, որ ձեր ծառայությունը բերեք հայրենիքին»,-իր ելույթում ասաց Վիգեն Սարգսյանը:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաեւ կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, որը ներկայացրեց Կառավարման ակադեմիայի անցած ուղին եւ ապագան: Նրա խոսքով՝ իրենց շրջանավարտների մեծ մասն աշխատում է պետական կառավարման համակարգի միջին եւ բարձր օղակներում, ակադեմիան 40-ից ավելի միջազգային պայմանագրեր ունի, որոնք ուղղված են փորձի փոխանակմանն ու կադրերի մասնագիտական ունակությունների բարձրացմանը։
Միջոցառմանը պարգեւատրվեց ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը, իսկ ավարտին հանդիսավոր արարողությամբ հանձնեցին այս տարվա շրջանավարտների դիպլոմները:











