«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հունիսի 6-ին հանդիպեց ԲՀԿ Երիտասարդների միության, տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու ֆեդերացիաների երիտասարդ ներկայացուցիչների հետ: Փոխադարձ հավատի ու վստահության, ջերմ ու անկեղծ մթնոլորտում կայացած երկարատեւ հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերն ուղղեցին Գագիկ Ծառուկյանին, լսեցին կուսակցության ղեկավարի դիրքորոշումները մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման մասնակիցներից շատերին հետաքրքրում էր տնտեսության վերականգնմանը վերաբերող հարցեր. ո՞ր դեպքում կարող է Հայաստանը հետաքրքիր դառնալ օտարերկրյա ներդրողների համար, ի՞նչ անելիքներ կան այդ ճանապարհին, ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանին հաջողվել բազմաթիվ ավերված գործարաններ վերականգնել ու նոր շունչ հաղորդել դրանց:
«Երկրի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար առաջին հերթին միասնություն ու համատեղ աշխատանք է պետք»,- համոզմունք հայտնեցին երիտասարդները՝ հետաքրքրվելով, թե ինչպիսին է Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը: Երիտասարդները, մասնավորապես, բարձրաձայնեցին, թե ինչո՞ւ երկրում հնարավոր չէ, օրինակ, առաջին եւ երկրորդ նախագահների, կամ գործող ու նախկին նախագահների հանդիպումը:
Հանդիպմանը նաեւ ԲՀԿ առաջիկա գործունեությանը վերաբերող հարցեր հնչեցին:
Երկարատեւ հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը լսեց յուրաքանչյուրի մտահոգությունները, տվեց սպառիչ ու ամբողջական պատասխաններ: Բարձրաձայնված մի շարք խնդիրներ դրական լուծումներ ստացան հենց տեղում:
ԲՀԿ առաջնորդին նաեւ հարց են տվել հայաստանի երեք նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին, ինչին Ծառուկյանը պատասխանել է. «Ես կփորձեմ»:
Հանդիպումից հետո ներկաները Գագիկ Ծառուկյանի հրավերով այցելեցին Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ, ծանոթացան 135-ամյա կենսագրություն ունեցող գործարանի փառավոր պատմությանը, շրջեցին թանգարանում, հիացան շուստովյան բացառիկ նմուշներով:











