Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչ, 21-ամյա Անդրանիկ Հարոյանին, որին մեկ անգամ ժամկետային զինծառայությունից տարկետել էին 3 տարի ժամկետով, զինկոմիսարիատը պիտանի է ճանաչել ծառայության համար եւ հունիսի 10-ին կանչել հավաքակայան։ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը հունիսի 5-ին ծոծրակին պիգմենտաբորբոքային խալերի փունջ ունենալու պատճառով որոշեց Անդրանիկին կրկնակի բուժզննման ուղարկել:

«3 տարի առաջ եթե պիտանի էր, թող ծառայեր, հիմա եկած կլիներ արդեն: Եթե հանձնաժողովը խալը վտանգավոր է գտել, էսօր էդ վտանգավորը ինչո՞վ է փոխվել, եթե խալը տեղում է»,-ասաց Անդրանիկի մայրը՝ Մարգարիտա Խամոյանը:

Հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Գաբրիել Թեփելիկյանը վրդովվեց կնոջ ասածից. «Ատոմային ռումբը ձեր տանը դրել եք, սապյորին չեք կանչում, որ հանի, ասում եք՝ գիտե՞ք ինչ կա, ատոմային ռումբի խաթր մեր տան կողքով թող ոչ մեկ չանցնի, տենց չի լինում: 3 տարի դուք հնարավորություն եք ունեցել ձեր որդուն վիրահատելու կամ բուժելու»:

Զորակոչիկի մայրն էլ պատասխանեց, որ ինքը վախեցել է խալը վիրահատել, քանի որ տղայի տատիկը նույն խալից է ունեցել եւ վիրահատվելուց հետո մահացել է:

 «Մենք ունեցել ենք խալից վնաս, մեր տատիկի  խալը հեռացրել են, մահացել է, ինչպե՞ս իմ մինուճար որդուն ես տանեմ վիրահատության»,-ասաց մայրը հուզվելով: Մայրը պատմեց, որդին նույնիկ վերնաշապիկների՝ խալի վրա ընկնող հատվածը կտրում է, քանի որ կտորի հետ հպումից խալն անմիջապես բորբոքվում է։

Նշենք, որ Անդրանիկ Հարոյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, հայրն էլ արցախյան ազատամարտի մասնակից է, որին մեկ տարի առաջ զրկել են թոշակից: