Գորիսի թիվ 37/4 ընտրատեղամասում, այսօր՝ հունիսի 8-ին ընթացող քաղաքապետի ընտրությունները խաղաղ էին անցնում, սակայն երբ ընտրատեղամաս եկան մի քանի լրագրողներ, հանձնաժողովի քարտուղար Արամայիս Փարսյանը սկսեց անտեղի գոռգոռալ, բարկանալ, մեղադրել լրագրողներին իրենց աշխատռանքը խոչընդոտելու մեջ: Նա նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին մեղադրեց խախտումներ կատարելու մեջ: «Այսքան խախտում ես անում, ես բոլորի մասին գրելու եմ: Դու ընտրական օրենսգիրքը չգիտես»,-ասաց նա հանձնաժողովի նախագահին, որը ժամանել է Երեւանից:
Հանձնաժողովի նախագահն էլ ի պատասխան Փարսյանին տվեց ընտրական օրենսգիրքը, խնդրելով ուսումնասիրել եւ ասաց, որ եթե կնկատի խախտումներ, թող արձանագրի, որովհետեւ վստահ է որ այդպիսիք չեն եղել:
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչ խախտումներ է նկատել հանձնաժողովի քարտուղարը, Արամայիս Փարսյանը չպատասխանեց, միայն խեթ-խեթ նայեց ու շարունակեց կարդալ ընտրական օրենսգիրքը:
Այս պահին ընտրատեղամասում մեծ թվով ընտրողներ կան:
Նշենք, որ այս տեղամասում քիչ անց կքվեարկի Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, տեղի են ունենում գորիսի քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին:











