Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցը քվեարկության համար թիվ 4 ընտրատեղամաս եկավ կնոջ եւ երեխայի հետ, եւ քվեարկեց նաեւ «հանուն իր երեխաների ապագայի», հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ հենց ինքն է հաղթելու ընտրություններում, այլ տարբերակ լինել չի կարող: «Ես համոզված եմ, որ հենց ես եմ հաղթելու, դրա ապացույցը վերջին 25 տարիներին իմ կատարած աշխատանքն է եւ այս պահին ես այլ բանի մասին մտածել չեմ ուզում, որ կարող է չհաղթեմ, կամ հետո կհամագործակցեմ հաղթած թեկնածուի հետ, թե ոչ»,-ասաց նա::
Հարցին, թե արդյոք իր համոզմունքը կապ ունի՞ նրա հետ, որ իրեն սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Ադունցը պատասխանեց. «Ես եւ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ միասին աշխատել ենք: Սուրիկ Խաչատրյանը շատ գործ է արել Գորիսի համար, իսկ այսօր ինձ սատարում է որպես Սյունիքի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար: Այնպես չի, որ ես քիչ բան եմ արել Գորիսի համար: Իմ արածները բավական են, որ ինձ ձայն տան եւ ես համոզված եմ, որ հենց ես եմ հաղթելու»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, տեղի են ունենում գորիսի քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին:











