Գորիս քաղաքի թիվ 37/7 ընտրատեղամասում, քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց քաղաքապետի թեկնածու Հրայր Յոլյանը: Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ միասին եւ ինչպես ինքն ընդգծեց ընտրություն է կատարել Գորիս քաղաքում փոփոխությունների համար, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նա նշեց, որ Գորիսը լուրջ փոփոխությունների կարիք ունի:
«Նախընտրական շրջանում գորիսեցիները բազմաթիվ խնդիրների մասին էին ահազանգում եւ ակնկալում, որ այսուհետ դրանք լուծում կստանան: Ինչպես հասկանում եմ, ժողովուրդն այս անգամ ուզում է ընտրություն կատարել: Նպատակին հասնելու համար իմ քաղաքին հաջողություն եւ հաղթանակ եմ ցանկանում: Գորիսեցիների հաղթանակը իմ հաղթանակը կլինի»,- ընդգծեց Հրայր Յոլյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, տեղի են ունենում Գորիսի քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին:











