Գորիսում, այսօր՝ հունիսի 8-ին, քաղաքապետի ընտրությունների ավարտից հետո պարզ կլինի Գորիսում վախի մթնոլորտ է, թե հարգանքի: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, թիվ 37/4 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Ես քվեարկեցի հանուն Գորիսի ապագայի: Որպես վստահված անձ հետեւում եմ ընտրությունների ընթացքին եւ ոչ մի խախտում չեմ արձանագրել: Ընտրությունները շատ նորմալ են անցնում: Օրվա վերջում դուք ինքներդ դրանում կհամոզվեք: Ես համոզված եմ, որ անհամամետալի ձայների առավելությամբ կհաղթի Վաչագան Ադունցը»,-ընդգծեց նա:
NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ գորիսեցին պիտի իր ձայնը տա հենց Ադունցին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Կա նաեւ իմ գործոնը, որ գորիսեցին ձայն կտա Ադունցին, սակայն Ադունցն ինքը նույնպես վերջին 25 տարիներին շատ բան է արել գորիզեսիների համար: Նա զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, որ շատ է օգնել գորիսեցուն: Վերջին 5 տարիներին աշխատելով «Ջրմուղկոյուղում» գորիսեցուն ապահովել է ջրով»,-ասաց Սյունիքի նախկին մարզպետը:
Լրագրողների հարցին, թե արդյոք Գորիսում կա՞ վախի մթնոլորտ, Սուրիկ Խաչատրյանը բացասական պատասխան տվեց: «Վիրավորում եք գորիսեցուն, ասելով որ վախում եք: Ոչ ոք չի վախենում: Այսօր երեկոյան երբ բացվեն քվեատուփերը, ինքներդ կհամոզվեք, որ վախի մթնոլորտ չկա»,-ընդգծեց նա:
Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը քվեարկեց հերթից դուրս, թեեւ այդ ընտրատեղամասում ընտրողների հերթ էր գոյացել:
Հատկանշական է, այն, որ նա երկար ժամանակ չէր գտնում, թե որ հասցեում է գրանցված: Նախկին մարզպետը պնդում էր, որ ինքը գրանցված է Խորենացի փողոցում, այնինչ պարզվեց, որ նա գրանցված է Մամիկոնյան փողոցում: Այդ փաստը զարմացրեց նրան:
Ընտրատեղամասը լքելուց առաջ, Սուրիկ Խաչատրյանը հետաքրքրվեց, թե քանի մարդ է քվեարկել ու տեղեկանալով, որ այդ պահի դրությամբ արդեն 400 մարդ մանսակցել է քվեարկությանը, ասաց. «շատ լավ է» ու հեռացավ:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, տեղի են ունենում Գորիսի քաղաքապետի ընտրությունները, որոնց մասնակցում են անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը: Վերջինիս սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ի սկզբանե քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն էր դրել 4 մարդ, սակայն մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ հայտնեցին:











