Գորիսի քաղաքապետի թեկնածու Վաչագան Ադունցը մայրը՝ Լուսիկ Ադունցը, այսօր՝ հունիսի ութին, եկել է թիվ չորս ընտրատեղամաս՝ քվեարկելու, սակայն պարզվել է, որ իր փոխարեն արդեն ընտրել են։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Լուսիկ Ադունցն արդեն մեկ ժամ է՝ ընտրատեղամասում է։ Քիչ առաջ հանձնաժողովի անդամներին վերջապես հաջողվեց պարզել, որ թեկնածուի մոր փոխարեն ընտրել է ոմն Սերժիկ Ակունց, որի փոխարեն էլ իր հերթին ընտրել է Անուշ Աղաջանյան անունով քաղաքացին։

Անուշ Աղաջանյանը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինքը շփոթվել է, չի տեսել, թե որտեղ է ստորագրում։ Ընտրատեղամաս հրավիրված Սերժիկ Ակունցն էլ հանձնաժողովի անդամներին պատմեց, թե տեսնելով, որ իր փոխարեն այլ ստորագրություն կա՝ ինքն էլ որոշել է ստորագրել մեկ ուրիշի փոխարեն։

Այս պահին երեք քաղաքացիներն էլ ընտրատեղամասում են։ Հանձնաժողովի անդամները դեռ չեն որոշել՝ ինչպես վարվել այս իրավիճակում։

Նշենք, որ քաղաքապետ ընտրություններին մասնակցում են երկու թեկնածուներ՝ անկուսակցական Հրայր Յոլյանն ու ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը։