Մեքսիկայում ոստիկանությունը բռնել է փողոցներում  շրջող գետաձիուն, հաղորդում է Huffington Post-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Տլախոմուլկո դե Սունիգայում: Խոշոր կենդանու հանդիպումից տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ինչպես պարզվել է, գետաձին պատկանում է տեղացի բնակչին, որի անունը չի հաղորդվում: Տղամարդը հայտարարել է, որ գետաձին փախել է, երբ նա կենդանուն վանդակից բաց է թողել, որպեսզի գետաձին կարողանա զբոսնել այգում: Որքան երկար է գետաձին «ազատության մեջ» գտնվել, անհայտ է, հաղորդում է Lenta.ru-ն:

Ոստիկանությանը հաջողվել է կենդանուն հետ քշել վանդակ: Գետաձիու տիրոջը ձերբակալել են: Տղամարդու մոտ  վայրի կենդանի պահելու իրավունքը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել: Թե ինչ պատիժ է նրան սպասվում, չի ճշտվում: Հայտնի չէ նաեւ կենդանու հետագա ճակատագիրը: