Էջմիածնեցի 21-ամյա Գագիկ Խաչատրյանին, որին տեսողության հետ կապված խնդիրների պատճառով մեկ անգամ 3 տարով պատադիր զինվորական ծառայությունից տարկետել էին,  այս տարի պիտանի են ճանաչել պարտադիր ծառայության համար, քանի որ ըստ փոփոխված օրենքի՝ նրա հեռատեսության տոկոսը (+7) համարվում է ծառայությանը պիտանի։

Այսօր` հունիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը, այնուամենայնիվ,  որոշեց Գագիկին ուղարկել կրկնակի բուժզննման, քանի որ նրա մոտ նկատեց մաշկային խնդիրներ եւ վարքի շեղումներ։

 «Որ քրտնում է, մարմինը քոր է գալիս, չի դիմանում, նաեւ շատ դյուրագրգիռ է, շուտ է բորբոքվում ու ագրեսիվ է»,- հանձնաժողովին պատմեց Գագիկի մայրը` Նինա Խլոյանը:

Հանձնաժողովի  նախագահ Գեղամ Հարությունյանը Գագիկ Խաչատրյանի հարցը քննելիս ասաց, որ զորակոչիկի մոտ տեսողությունը + 7 է, մինչեռ զինծառայության համար պիտանի չհամարվելու համար պետք է լիներ առնվազն + 7,5։

«Հեռատեսությունը տարիների ընթացքում նվազման միտում ունի, այստեղ ներկայացված են բուժզննման փաստաթղթեր, որոնց մենք չենք կարող չհավատալ: Բայց այստեղ ուրիշ անհանգստացնող հանգամանք կա՝ կապված մաշկի խնդրի հետ, եւ նաեւ կուզեի, որ հոգեբուժարանում  նույնպես հետազոտվի՝ կապված իր պահելաձեւի, ճնշվածության հետ»,-ասաց Գեղամ Հարությունյանը:

Գագիկ Խաչատրյանն իրեն ագրեսիվ պահեց, հայտարարեց, որ իրեն ոչ ոք տեսողության համար չի կանչել բուժման, հանձնաժողովի անդամները փորձեցին բացատրել, որ Գագիկն ինքը պետք է դիմեր բուժվելու համար, Գագիկը բարկացավ, բռունցքը սեղանին խփեց ու դուռը շրխկացնելով սենյակից դուրս եկավ:

«Ես գիտեմ, իմ երեխեն ա, 21 տարի ես եմ պահել, ինքը ներվային է, դաժե իր անունը մինչեւ հիմա դուզ չի կարում գրի, տանում են` ի՞նչ անեն: Ինքը ընդունակ չի, էթալու է՝ կամ մեր գլխին մի փորձանք բերի, կամ սաղի գլխին մի բան անի»,- վրդովված ասաց Գագիկի հայրը:

Գագիկ Խաչատրյանի մայրն էլ նշեց, որ բուժզննման ընթացքում իրենց չեն ասել, որ անհրաժեշտ է որդուն հոգեբուժարան ստուգման տանել, բայց ինքը կցանկանար, քանի որ անհանգստանում  է նրա վարքի համար: