Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 10-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում գործով վկա Հմայակ Փաշինյանը կուլ տվեց  իր հեռախոսի SIM քարտը, որպեսզի դատարանում չասի, թե մինչեւ դատական նիստն ում հետ է խոսել հեռախոսով։

Կիվիրյանի պաշտպանները դատարանում մտահոգություն հայտնեցին, որ վկան մինչև նիստի սկսվելը հեռախոսով զրուցել է Վիգեն անունով ինչ-որ մեկի հետ, բողոքել, որ իրեն դատարան են ուղարկել։  Պաշտպանների հարցին, թե Վիգենն ով է, վկան հրաժարվեց պատասխանել։ 

«Հարգելի դատարան, ես մինչեւ դատական նիստը իմ անձնական հարցերով էի խոսում, եւ դա  որեւէ կապ չունի դատական նիստի հետ»,-ասաց վկան։ Նրա խոսքից հետո դատավորը հարցը հանեց՝ պատճառաբանելով, թե այն գործին չի առնչվում։

Պաշտպանները կրկին հարցեր ուղղեցին վկային՝ այս անգամ փորձելով ճշտել նրա հեռախոսահամարը։ Վկան վրդովվեց, հանեց բջջայինի SIM քարտն ու կուլ տվեց այն: 

Վկայի արարքը զարմացրեց պաշտպաններին, որոնք դատարանին հորդորեցին բացահայտել, թե ինչու վկան նման արարքի դիմեց, քանի որ դրանից պարզ է դառնում, որ զանգը դատական նիստի հետ կապ ուներ։ 

«Մինչեւ դատական նիստը սկսվելը վկան հեռախոսազրույց ունեցավ Վիգեն անունով ինչ-որ մեկի հետ եւ իր դժգոհությունը հայտնեց, թե՝ էս ուր ես ինձ ուղարկել, այստեղ կամերաներով նստած են, շան բերան ես ինձ ուղարկել, սակայն դա այդքան կարեւոր չէ, կարեւորն այն էր, որ դատավորն ու դատախազը չգիտեին՝ ոնց անեին, որ այս վկան հանկարծ Վիգենի հեռախոսահամարը չասեր, կամ չասեր, թե Վիգենն ով է։ Եթե դատարանին չի հետաքրքրում, թե իր վկային ով է «ղրկում» դատարան, ուրեմն մենք դատարան չունենք, մենք ունենք սեւ շոր հագած անձնավորություն»,- նիստի ավարտին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ այսօր ցուցմունք տվեցին գործով երկու վկաներ, որոնք դեպքի ականատեսներ էին։ Վկաներն իրենք չէին եկել դատարան,  իրենց խոսքով՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններն էին իրենց երկուսին  մեքենայով բերել դատարան։

Երկու վկաները իրարամերժ ցուցմունքներ տվեցին։ Նրանք երկուսն էլ պնդեցին, որ դեպքի օրը ոստիկաններն ընդհանրապես չեն հայհոյել եւ բռնություն չեն կիրառել ակտիվիստների նկատմամբ։

Վկաների ցուցմունքները լսելուց հետո Կիվիրյանը դատարանում հայտարարեց, որ վկաներն իրականում դեպքի վայրում չեն եղել և ոստիկանությունն է նրանց ստիպել գալ և ցուցմունք տալ։  «Վկաների առկայությունը դատարանում ապահովում է ոստիկանությունը՝ քրեական հեղինակությունների միջոցով։ Մենք հասել ենք մի աբսուրդ վիճակի, երբ դատարանը հույսը դրել է ինչ-որ կրիմինալ խմբավորումների վրա, ակնհայտ է, թե ովքեր են այս վկաները, եւ ակնհայտ է, որ սրանք վկաներ չեն ընդհանրապես»,-ասաց Կիվիրյանը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց  հունիսի 24-ին։

Նշենք, որ մինչեւ այս վկայություն են տվել ոստիկանները, որոնք միմյանց ու իրենց նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տվել: Ոստիկանները, որոնք երեքն էլ ոստիկանական մեքենայում են եղել Կիվիրյանին բերման ենթարկելիս, տարբեր կերպ են ներկայացրել դեպքը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: