Լոռու մարզի Վանաձոր քաղաքի քիմիական գործարանի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 10-ին, հերթական բողոքի ակցիան անցկացրին Լոռու մարզպետարանի մոտ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը:
Մարզպետարանի մոտ հավաքված մի քանի տասնյակ ցուցարարներին հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանը, որը տեղեկացրեց, որ գործարանի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, և ինքը դեռ ոչ մի պատասխան չի կարող տալ:
«Հիմա հարցն էնքան հասունացել է, որ գնում են նոր ծրագրեր, նոր հասունացումներ, նոր սեփականատեր, որ տեսնենք՝ գործարանը հեռանկար ունի՞, թե չէ: Հիմա էդ ճանապարհի վրա ենք, որ եկել եք, ասում եք՝ էսօր ասեք մի պատասխան: Ես էսօր պատասխան չունեմ: Ինչի՞ եք ուզում, որ ես ձեզ սուտ բան ասեմ»,- ակցիայի մասնակիցներին ասաց մարզպետը:
Ցուցարարները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ եթե իրենց հարցը մոտ ապագայում լուծում չստանա, կդիմեն գործադուլի:
«Մենք կթողնենք տասնյակ տոննաներով սնդիկը, մոնոէթանոլամինային լուծույթները, որոնք իրենց մեջ թույն են պարունակում: Էդ ամեն ինչը կթողնենք անտեր ու կհեռանանք գործարանից: Եթե կառավարությունը հասկանում է միայն ճանապարհ փակելու լեզուն, մենք ստիպված են մեր ձայնը հասցնել նման ձևով: Եթե մեր գրավոր բողոքներին ընդհանրապես ոչ մի արձագանք չկա, մենք ստիպված ենք նմանատիպ քայլերի դիմել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ իրենք չեն պայքարում մեկ ամսվա աշխատավարձի համար, քանի որ դրանով խնդիրը չի լուծվի: Նա տեղեկացրեց նաև, որ գործարանն աշխատակիցներին տարբեր ամիսների աշխատավարձեր է պարտք՝ սկսած 2011թ.:
Նշենք, որ տարածված լուրերի համաձայն՝ գործարանը շուտով նոր սեփականատեր կունենա: Այս փաստը, սակայն, աշխատակիցներին չի մտահոգում, նրանք պահանջում են, որ վճարվեն իրենց աշխատավարձերը, քանի որ դրանցով իրենց ամենօրյա ծախսերն են հոգում:
«Էդ նախարարը, մարզպետը չե՞ն մտածում, որ մարդիկ 10 դրամ չունեն, որ լույսի ու գազի փողերը տան: Բա տրանսպորտը ո՞նց անեմ, բա հացի հախը ո՞նց անեմ: Բա խանութի պարտքերը որտեղի՞ց տամ»,- NEWS.am-ին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ Վանաձոր քաղաքի քիմիական գործարանի աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: Մինչեւ նոր կառավարության ձևավորվելը նրանք ակցիաների արդյունքում կարողանում էին ստանալ մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ, սակայն նոր կառավարության ձևավորումից հետո դեռ ոչ մի ամսվա աշխատավարձ չեն ստացել:
Գործարանի տնօրինությունը պարզաբանում է, որ պարտքերն առաջացել են, քանի որ գործարանը վնասով է աշխատում և պարտքեր ունի այլ մատակարար կառույցներին:











