Վլադիմիր Սիաբանդովը Քյարամ Ավդոյանին 13 անգամ դանակահարելով սպանել է Քյարամի զոքանչի, կնոջ ու քենու ցուցումով: Այս մասին այսօր՝ հունիսի11-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում ազգությամբ եզդի Քյարամ Ավդոյանի սպանության գործով դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քյարամի մայրր՝ տիկին Գյոզալը:
«Էդ Վլադիմիրը իմ հարսի քրոջ տղեն ա, մուրազը փորը մնա: Հարսս 4 երեխեքի հետ Գերմանիայում ա: Վլադիմիրին զադանյա են տվել: Հարսս Գերմանիայում էր, գլխին չարորակ ուռուցք էին հայտնաբերել, էս Վլադիմիրը եկել էր, տղայիս ասում էր՝ քո պատճառով է, որ իմ մորքուրը չարորակ ա, էդ հիվանդությունը քո պատճառով ա: Չարորակը դա Աստծո տված ցավն ա, էսքան չարորակ հիվանդ կա, ո՞ր մեկն ա պատճառ դրա համար»,- արտասվելով պատմում էր տիկին Գյոզալը:
Դատարանի դահլիճում էլ՝ նիստի ավարտին, Քյարամի մայրն արտասվելով դիմեց դատավոր Գագիկ Պողոսյանին եւ խնդրեց նրան արդարացի պատիժ տալ Վլադիմիր Սիաբանդովին.
«Ընկեր քաղաքացի դատավոր, ինձ մի մեղադրեք, իմ բալին են սպանել: Իրան արժանի պատիժը տվեք: Չեմ ասում՝ բալիս նման 13 անգամ դանակով խփեն, բայց իրան արժանի պատիժը տվեք»:
Տիկին Գյոզալի կարծիքով՝ ամբաստանյալը ձեւացնում է, թե հոգեկան խնդիրներ ունի. «Ստից իրան գժի տեղ ա դնում, ինքը գիժ չի»:
Նշենք, որ 27-ամյա Վլադիմիր Սիաբանդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 3-ին «Ռիչի» բարի մուտքի մոտ վիճաբանել է Քյարամ Ավդոյանի հետ եւ դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել նրան: Քյարամ Ավդոյանը մայիսի 14-ին հիվանդանոցում մահացել է։ Նշենք, որ մինչեւ Ավդոյանի մահանալը հարուցված քրեական գործի շրջանակում անցկացվել էր դատահոգեբուժական փորձաքննություն, որի արդյունքում Սիաբանդովը անմեղսունակ էր ճանաչվել։ Նրան սպասվում է դատահոգեբուժական նոր փորձաքննություն։











