Վանաձոր քաղաքի Պարույր Սեւակի փողոցում 1926թ. ծնված Աստղիկ Անդրանիկի Սարոյանին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը դեպքի վայրից փախուստի դիմելուց երկուսուկես ժամ անց ներկայացել է Ոստիկանություն։
Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վրաերթը տեղի է ունեցել հունիսի 10-ին, ժամը 12։00-ին։ Ականատեսները մեր թղթակցին պատմել են, որ տիկին Աստղիկը բակում նստած է եղել, կանգնել է, որ փողոցն անցնի ու այդ պահին բեռնատարը հետընթաց շարժվել է՝ վրաերթի ենթարկելով նրան։ Տիկին Աստղիկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա երեք ժամ անց մահացել է։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության Բազումի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում հունիսի 10-ին, ժամը 14:30–ին, Գարիկ Արարատի Գրիգորյանը՝ ծնված 1985թ., ներկայացել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր կողմից վարած «Միցուբիշի Ֆուզո» մակնիշի 227LO 05 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց երթեւեկելու ժամանակ վրաերթի է ենթարկել Աստղիկ Սարոյանին։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրեսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:











