2013թ. սեպտեմբերի 2-ին կասկածելի պայմաններում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բանտում մահացած, «Բանդայի» գործով ազատազրկված Արման Դալլաքյանին 2011թ. գործի նախաքննության շրջանում ոստիկանությունում դիմակավորված անձիք ծեծել են եւ ստիպել ինքնախոստովանական ցուցմունք տալ:
Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց գործով դատախազը՝ ընթերցելով Արման Դալլաքյանի նամակը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
«Ես ինքնախոստովանական ցուցմունք եմ տվել ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատակիցների ծեծի եւ ճնշումների ներքո: Ես ավազակային հարձակում չեմ կատարել, թմրանյութ չեմ պահել ինձ մոտ: Իմ գրպանից ոստիկանությունում հանեցին թմրանյութի փաթեթ, որը իմը չէր, ես չէի ուզում ստորագրել արձանագրության տակ, դա իմը չէր: Հետո ես ժխտում էի, որ ավազակային հարձակում եմ կատարել, բայց իրենք ասեցին, որ մեկ է՝ դատվելու եմ թմրանյութ պահելու համար: Դիմակավորված անձիք գցեցին ինձ գետնին ու սկսեցին ծեծել.շուրջ 4 ժամ ծեծում էին, ծեծողները փոխվում էին: Մտածում էի, որ ինձ կտան, կսպանեն, դրա համար քննիչի ասածը գրեցի»,- իր նամակում գրել էր Արման Դալլաքյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նամակի ընթերցման ամբողջ ժամանակ ամբաստանյալները մեկնաբանություններ էին անում՝ նշելով, որ իրենց հետ էլ են նույն կերպ վարվել։ «Մեզ սպանդանոցի միջով են անցկացրել»,- ասաց ամբաստանյալ Դավիթ Գալստյանը։
Նշենք, որ այսօր դատարանն ուսումնասիրում էր գործում առկա ապացույցները։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 18-ին։ «Բանդայի» գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը այսօր հայտարարեց, որ հաջորդ նիստին ինքը հայտարարություն կանի։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:











