Չնայած իշխանությունները խոստանում են Աֆրիկյանների շենքի ապամոնտաժված քարերը անվնաս տեղափոխել եւ վերականգնել այլ վայրում, դրանք այժմ գտնվում են Երեւանի տարբեր շինհրապարակներում, եւ նրանց միայն 20 տոկոսն է պահպանվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Աֆրիկյանների շենքի պահպանմանն ուղղված հերթական ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ Հայկ Բիանջյանը։
«Գնացել, նկարել եմ շենքի ապամոնտաժված քարերը, որոնք տարբեր շինհրապարկներում են գտնվում, բաց երկնքի տակ են էդ քարերը, նույնիսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը վկայեց, որ այդ քարերը ոչ թե ապամոնտաժվել, այլ քանդվել են, եւ 20 տոկոսն էլ նույնիսկ չի պահպանվել»,- ասաց Հայկ Բիանջյանը։
Այսօրվա ակցիան նվիրված էր Աֆրիկյանների տան մասին տեսահոլովակի նկարահանմանը. քաղաքացիներն իրենց կարծիքները արտահայտեցին, թե ինչու չեն ուզում, որ Աֆրիկյանների շենքը քանդվի։
«Շենքի մասին մարդկանց կարծիքները նկարահանելու նախաձեռնությունը ընդհանուր նախաձեռնություն է։ Շատերի համար հասկանալի չէ՝ ինչու այս շենքը պիտի պահպանվի, ու որպեսզի այս պայքարը վերացական չլինի, ուզում էինք ցույց տանք, որ յուրաքանչյուր ոք անձնական վերաբերմունք ունի»,-ասաց տեսահոլովակը նկարահանող, արվեստաբան Վիգեն Գալստյանը։
Վիգեն Գալստյանի խոսքով՝ նկարահանվող տեսահոլավակը վկայություն է ապագա սերունդերի համար, որ քաղաքացիները պայքարել են Աֆրիկյանների շենքի պահպանման համար։
Աֆրիկյանների տունը կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին։ Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։











