Երեւանի Իսահակյան փողոցի 38 շենքի բնակչուհի Սուսաննա Մակարյանի բնակարանի պատուհանի ցանցավանդակը ծառի ճյուղերը հունիսի 10-ին ուժեղ քամու ժամանակ պոկել են եւ գցել պատահական անցորդի վրա։

«Էս ճյուղը, որը մտնում է տուն, ուժեղ քամուց պոկեց ցանցը եւ շպրտեց դուրս, մի մարդու վրա ընկավ, լավ է՝ գլխին չընկավ, որովհետեւ մեծ վնաս կտար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սուսաննա Մարգարյանը։

Նրա խոսքով՝ ծառի ճյուղերը քամու ժամանակ այնքան ուժեղ են խփում պատուհաններին, որ եթե իր պատուհանի ապակիները որակյալ չլինեին, փշրվելու էին, թափվեին գետնին եւ վնասեին մարդկանց։

Տիկին Սուսաննան զանգահարել է քաղաքապետարան, որպեսզի գան եւ ծառի ճյուղերը կտրեն, սակայն իրեն տեղեկացրել են, որ ծառերն էտում են սովորաբար գարնանը եւ աշնանը։

«Ինչքա՞ն կարելի է այսպես, ու ինձ քաղաքապետարանից ասում են՝ մինչեւ աշուն այսպես մնացեք, որովհետեւ փետրվարին պետք է զանգեիք, որ ապրիլին կտրեինք, իսկ հիմա ստիպված սպասելու եմ մինչեւ աշուն։ Հարցրեցի՝ ես սենց ո՞նց ապրեմ, ասում են, դա արդեն ձեր խնդիրն է»,-ասաց տիկին Սուսաննան։

Սուսաննա Մարգարյանը նշեց, որ մի քանի օր առաջ իրենց շենքին մոտ գտնվող խաղահրապարակի ծառի ճյուղերը կտրել են, չնայած որ ոչ մեկին չէր խանգարում, իսկ իրենց շենքին մոտ գտնվող ծառի ճյուղերն այդպես էլ մնացել են։

Տիկին Սուսաննան նաեւ բողոքեց ամեն հանգստյան օրերին Կասկադում տեղի ունեցող համերգներից՝ նշելով, որ այն խանգարում է բնակիչների անդորրը. «Աշխատանքից տուն ենք գալիս, ուզում ենք հանգստանալ, չի ստացվում, ամբողջ օրը համերգ է Կասկադում։ Մենք ամբողջ շենքի բնակիչներով որոշել ենք բողոքել, եթե մեր բողոքը հաշվի չառնեն, Իսահակյան փողոցը կփակենք»։

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի  եւ լրատվության   բաժնի պետ Արթուր Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում  ասաց, որ ծառերը էտելու համար գոյություն ունի կոնկրետ ժամանակ,այդ աշխատանքները իրականացվում են գարնանը եւ աշնանը։

Նա խոստացավ խորհրդակցել բնապահպանների հետ եւ պարզել՝ արդյոք հնարավոր է հիմա իրականացնել այդ աշխատանքները՝ հաշվի առնելով Երեւանի բնակչուհու մտահոգությունը։