«Ազատություն Շանթ Հարությունյանին», «Ազատ արձակեք քաղբանտարկյաներին», «Պահանջում ենք արդարություն». այսպիսի բովանդակությամբ պաստառներով Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքվել  են եկել մի քանի տասնյակ քաղաքացիներ, ովքեր եկել են սատարելու Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, որոնց գործով դատավարությունը մեկնարկում է այսօր՝ հունիսի 12-ին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի դահլիճում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքացիական ակտիվիստներ, ամբաստանյալների հարազատները, որոնք իրենց հետ բերել են ամբաստանյալների նկարները։

«Ուզում ենք, որ այս երկրում արդարությունը մի քիչ էլ թագավորի,  իսկական հանցագործներն ու խուլիգանները կլինեն ճաղերի հետեւում, ու այս մարդիկ, որ խոսքի ազատություն են ուզում եւ դուրս են գալիս իրենց իրավունքները պաշտպանելու, իրենք լինեն ազատության մեջ։ Որեւէ մեկին հետաքրքի՞ր է՝ այս ամբաստանյալների երեխաները ոնց են սնվել այս յոթ ամիսներին, ո՞նց են ապրել։Մենք ամեն մի զոհի համար ցավում ենք, չէ՞, բայց երիտասարդ հայրերին պահում ենք ճաղերի հետեւում»,- NEWS.am-ին ասաց ամբաստանյալներին սատարելու եկած Ժաննա Գասպարյանը։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն:

NEWS.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այս դատավարությունից, Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, ասաց. «Ես մեր դատական համակարգից մեծ հույսեր չունեմ, չեմ ակնկալում, որ արդարություն կլինի»։

Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):