«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական առաջին նիստն ավարտվեց սկսվելուց րոպեներ անց, քանի որ ամբաստանյալների պաշտպանները ներկա չէին դատական նիստին։
Նիստի մեկնարկին Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ։
Նախ նա ցավակցություն հայտնեց օրերս Փարիզում մահացած «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանի հարազատներին եւ ընկերներին՝ նշելով, որ Մարտի 1-ից հետո նրա հետ կալանավայրում անցկացրած դառը օրերը այսօր հիշում է ուրախությամբ։
«Այսօր գտնվելով բանտում հաճախ եմ հիշում նրա եւ մյուս ընկերների հետ մարտի 1-ի գործով անցկացրած օրերը։ Մյուս տղերքին մաղթում եմ երկար, երջանիկ կյանք։ Բանտարկության այդ մեկ տարին որքան էլ ծանր լիներ, այսօր հիշում եմ երջանկության զգացումով»,- ասաց նա։
Շանթ Հարությունյանը իր հետ կալանավորված մյուս ամբաստանյալներին հորդորեց հրաժարվել իրենց փաստաբաններից։
«Տղերք, սա մեր դատն ա։ նենց չլինի, որ փաստաբանները սկսեն խոսել իրավական դաշտում, ու մեր մտքերը գնան, կորեն։ Միայն թող պաշտպանվեն նրանք, ովքեր դրսում են՝ Շահենը եւ Միսակը։ Մեզ պաշտպաններ պետք չեն։ Սա քաղաքական խնդիր է, փաստաբանն այստեղ դեր ունենալ չի կարող։ Եթե դուք հավատում եք փաստաբանին, ուրեմն հավատում եք արդարադատությանը, եթե հավատում էին, խի եկաք, հետս կանգնեցիք, կռիվ արեցիք։ Եթե ես հավատայի արդարադատությանը, չէի գնա, դուբինկեն վերցնեի, հույսս կկապեի ընտրությունների հետ ու կսպասեի 2018-ին։ Բայց քանի որ ես գիտեմ՝ ստեղ արդարադատություն չկա, դրա համար իրանց հետ համարժեք եմ ուզեցել գործեմ, որովհետեւ իրանք օրենքի դաշտից դուրս են հասարակության հետ վարվում, ես ինձ էչեմ ուզել էշի տեղ դնեմ ու հելել եմ, օրենքի դաշտից դուրս իրանց ադեկվատ պատասխանել եմ»,- ասաց Շանթ Հարությունյանը։
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր իր կողքին են եղել այսքան ժամանակ։
Նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը որոշեց դատական նիստը նշանակել հունիսի 25-ին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











