ՀՀ Աժ պատգաավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովին հարկավոր է անցանկալի անձ հայտարարել Հայաստանում նախօրեին ԱԺ-ում թույլ տված նրա արած վիրավորական արտահայտությունների համար, այսօր՝ հունիսի 12-ին բուռն քննարկումների թեմա դարձավ ԱԺ-ում:
ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյան, որը ներկա էր եղել այդ քննարկմանը, ասաց, որ նման բան տեղի չի ունեցել եւ վիրավորական արտահայտություններ չեն եղել. «Պարոն Նիկոլ, ի՞նչ էր ազգանունը, Փաշինյան, ես ներկա եմ եղել, չի եղել նման բան. քննանրկումն անցել է հարգալից մթնոլորտում»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ փորձեց վերջ տալ քննարկմանը՝ նշելով, որ ոչ մեկին այլեւս ձայն չի տալու այդ թեմայով:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը միջամտեց՝ ասելով, որ քննարկման ժամանակ չի հնչել որեւէ վիրավորական արտահայտություն. «Ինչպես եւ դուք, այնպես էլ մենք, մեզանից յուրաքնաչյուրը որեւէ վիրավորական խոսք մեր նահատակների կամ մեր այլ սրբությունների նկատմամբ թույլ չէր տա, բայց բանավեճի ընթացքում եղել են արգումենտներ, եւ մենք նույնպես մեր կողմից եւ մեր պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, եւ Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը եւ լրագրողները եւ հասարակական սեկտորից ներկայացուցիչներ, պարոն Փաշինյան, կարող եմ ասել, որ իրենց բարձունքի վրա են եղել: Կարծում եմ, որ բանավեճ կա, բոլորն իրենց կարծիքներն են արտահայտել, բայց կարեւորն այն է, որ մենք կարողանանք մենք կարծիքը պաշտպանենք»:
ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, եւ ինքը խնդրում եւ պահանջում է, որ ԱԺ-ում տեղի ունեցող ցանկացած քննարկում, խորհրդակցություն եւ բանավեճ անցկացվի պետական լեզվի կարգավիճակի պահպանմամբ, եւ իրականացվի պատշաճ թարգմանություն:
Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հակադարձելով Հերմինե Նաղդալյանին՝ ասաց, որ բազմակարծությունն ապահովվելու համար, անհրաժեշտ է նման հավաքներին հրավիրել տարբերվող կարծիք ունեցող պատգամավորների, որպեսզի «երբ վիրավորում են մեր ժողովրդին, կարողանան համարժեք պատասխան տալ, եւ ոչ թե միայն մեծամասնությանը»: Նա Հայկ Բաբուխանյանին ստախոս անվանեց:
«Պարոն Բաբուխանյանը ուղղակի ստում է, որովհետեւ այդ հանդիպումն ամբողջապես դրված է համացանցում, որտեղ հստակ երեւում է, որ հայոց ժողովրդի հասցեին վիրավորական եւ հայոց պետականությանը սպառնացող մի շարք ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով՝ ցինիկ կամ կինիկ բառի արմատը «շուն» բառն է, Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք հետայսու զերծ պահել խորհրդարանը նման հաչոցներից»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Նիստերի դահլիճում Ալեքսանդր Արզումանյանը եւ Հայկ Բաբուխանյանը շարունակեցին փոխադարձ վիրավորանքները:
«Ստախոսն էլ ես դու, ցինիկն էլ»,-ասաց Հայկ Բաբուխանյանը Արզումանյանին:
Գալուստ Սահակյանն էլ սաստեց պատգամավորներին՝ ասելով. «Ահա թե ինչն է պատճառը, որ ժողովուրդը երբեմն մեզ չի ընդունում, ուշադիր, սա խորհրդարան ի դահլիճ է»:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսելյովը հանդիմանական տոնով հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց է ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար:
Նա վրդովվել է, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Ի պատասխան հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում:











