«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում գրկեց նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Լիպարիտ Հարությունյանի արտասվող մորը, հուսադրեց ու համբերություն ցանկացավ նրան, որը ոստիկանական պատի պատճառով չէր կարողանում տեսնել իր որդուն։
«Րաֆֆի Հովհաննիսյանը մեզ փարատեց, ասաց, որ լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի, հանգիստ եղեք, կօգնեմ ամեն ինչով, որպես մարդ, որպես քաղաքացի, որպես ծնող, որպես եղբայր։ Ես հույսս չեմ կորցնում, լավ կլինի, ինձ թվում է»,- Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրույցի մասին NEWS.am-ին պատմեց Ելենա Համբարձումյանը։
Նշենք, որ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստն անցավ շատ լարված, դահլիճը փոքր էր եւ մեղադրյալների հարազատների մեծ մասը հնարավորություն չունեցավ մտնել նիստերի դահլիճ, նրանք, ովքեր ներսում էին, չէին տեսնում ամբաստանյալներին.ոստիկանները շրջափակել էին նրանց։
Մեղադրյալների դիմաց պատ կազմած ոստիկանների թիվն այնքան մեծ էր, որ լրագրողները չէին կարողանում նկարահանել դատը։
Դատական նիստից հետո ամբաստանյալների բարեկամները դատավոր Մնացական Մարտիրոսյանին դժոհեցին, որ մեղադրյալների հարազատներին թույլ չեն տվել մասնակցել դատական նիստին, եւ խնդրեցին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հաջորդ դատական նիստին իրենք կարողանան ներկա գտնվել։
Դատավորը Մնացական Մարտիրոսյանը առաջարկեց մյուս դատական նիստին դատարան մտնելու համար հերթագրվել, որպեզի դատարան կարողանան մտնել ամբաստանյալների մայրերը եւ կանայք։
Դատավորը մինչեւ վերջ չլսեց մեղադրյալների հարազատներին եւ հեռացավ, նրանք սկսեցին բողոքել եւ երկար ժամանակ չէին հեռանում դահլիճից։
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն:
Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):











