ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները պարբերաբար են  այցելություններ կատարում զորամասեր, սակայն նրանց չի հաջողվում բացահայտել իրենց պաշտոնները չարաշահող հրամանատարներին, քանի որ զինվորները վախենում են որևէ բան ասել: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց բանակում մահացած զինվորների մայրերին, որոնք կրկին հավաքվել էին կառավարության  շենքի մոտ:

«Ձեր իրավասության մեջ չի՞ մտնում զինվորին պաշտպանել: Ամեն օր զինվորի կյանք են խլում: Սերժ Սարգսյանը ելույթ ա ունենում, որ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի թուլա անպատիժ չի մնալու: Բայց ինչի՞ համար մեր զինվորը պաշտպանված չի: էսօր մեր զինվորը  կարիք ունի, որ իրեն պաշտպանեն իր հրամանատարներից, ոչ թե թուրքերից»,- Օմբուդսմենին դիմեցին մայրերը: 

Կարեն Անդրեասյանը վստահեցրեց նրանց, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաճախակի ստուգումներ է անցկացնում տարբեր զորամասերում, բացի այդ գրասենյակի ներկայացուցիչները այցելում են բժշկական հանձնաժողովներ և հետևում, որ առողջության խնդիր ունեցող ոչ մի զինծառայող բանակ չզորակոչվի:

«Պրոցեսը շատ դժվար է: Անընդհատ այցելություններ անելով մենք դժվարությամբ ենք կարողանում դուրս բերել զորամասերում եղած խնդիրները: Ինչքան էլ մենք զինվորներին երաշխավորում ենք, որ իրենց ոչինչ չի պատահի, իրենք մեզ փաստեր չեն ասում, որպեսզի մենք կարողանանք գնալ առաջ ու պատժել վատ հրամատարներին»,-ասաց Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ մահացած զինծառայողների մայրերն ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով արդար դատաքննություն: