«Եռաբլուր» պանթեոնում Մոնթե Մելքոնյանի շիրիմի կողքին այսօր՝ հունիսի 12-ին, վաղ առավոտից տարբեր մարզերից ժամանած մարտական ընկերները իրենց ձեռքով փորում էին օրերս Փարիզում մահացած, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանի գերեզմանը։

Ազատամարտիկների խոսքով՝ չնայած պաշտպանության նախարարությունը հուղարկավորության համար սկզբում նախատեսել էր հատկացնել Մոնթեի գերեզմանի կողքին գտնվող տարածքը, սակայն ավելի ուշ որոշել է հատկացնել «Եռաբլուրում» մեկ այլ տարածք, որտեղ թաղված են գեներալները:

Սմբատ Այվազյանի մարտական ընկերներից «Գեղաշենի» ջոկատի հրամանատար, Եղիշ Համբարձումյանը, որը Մոսկվայից հատուկ ժամանաել էր հուղարկավորությանը մասնակցելու համար վիրավորական անվանեց պաշտպանության նախարարության որոշումը.

«Նախարարության կողմից շատ անմակարդակ թեմա է, մանավանդ Այվազյան Սմբատի նման տղերքին չի կարելի ոտնահարել։ Անարժանություն են անում, իմ ու քո են անում։ Այվազյան Սմբատը Մոնթեի, Վազգենի նման հարազատ կռվողներից մեկն է եղել։ Ես իր հետ խրամատում կռվել եմ, ես գիտեմ՝ ինքը ով է եղել, եթե խրամատում կռված տղեն ընկերոջը չի թողնում, փախնում, դրանից  ջիգյարով մարդ չկա,  ախպորից թանկ է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։

Ազատամարտիկի խոսքով՝ նույնիսկ եթե նախարարությունը չփոխի իր որոշումը, իրենք իրենց որոշումից հետ չեն կանգնելու։

«Իրանց ասածը մեր համար քիչ ա, մենք որ որոշել ենք, պիտի էստեղ թաղենք։ Իրանք որ էսօր ղեկավար են դարձել, էդ սաղ մեր թիկունքով են դարձել։ Ես իմ բատալյոնով պատրաստ եմ կանգնել լյուբոյ մոմենտի, եթե անախորժություն լինի ղեկավարության կողմից, պետք ա՝ կանեմ ու պարտավոր եմ անեմ։ Մենք ազգն ենք պահել, իրանք վայելում են»,-ասաց ազատամարտիկը։

Խոսելով Սմբատ Այվազյանի մասին նրա մարտական ընկեր՝ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի մարտիկ գեղաշենցի Նորիկը, ասաց, որ Սմբատ Այվազյանն ըստ արժանվույն չի գնահատվել։

«Մենք չենք զգացել, որ ինքը պատգամավոր է եղել, հասարակ զինվորի պես մեր ախպերն է եղել, եղել է լավ հայր, լավ ծնող, ամենամեծ սխալն է, որ մի քանի մարդկանց դարձնում են ազգի հերոս, իսկ Սմբատի նման մարդկանց անտեսում են։ Սմբատի համար գուցե միեւնույն է եղել՝ ինքը ազգի հերոս է, թե ոչ բայց մեզ համար, իր ընտանիքի համար դա մեծ նշանակություն ունի, ինքը իրոք ազգի հերոս է, ինքը մեր սպարապետի անդավաճան ընկերն է եղել, մինչեւ մահանալն էլ Սպարապետի անունով էր երդվում»,-ասաց ազատամարտիկը։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Սմբատ Այվազյանին Մոնթե Մելքոնյանի  կողքին հուղարկավորելու որոշում չկա։

Նշենք, որ Սմբատ Այվազյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 13-ին, ժամը 12:00-14:00-ին՝ նույն վայրում, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին՝ Եռաբլուրում: