ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում ստացած  զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանը տեսողական լուրջ խնդիրներ ուներ, մեջքի ճողվածք, ալերգիա, սակայն նրան այնուամենայնիվ դիրքեր են ուղարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դերենիկի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:

«Շատ հավասարակշռված, խելացի, անչափ դաստիարակված, ընկերությանը հասնող, ուղղակի էնքան վրդովված ենք, որովհետեւ ինքը ֆիզիկապես ի վիճակի չէր ծառայության, սկալյոզ ուներ, տեսողական խնդիրներ, ալերգիա: Մայրը մի քանի անգամ դիմել էր, որ չտանեն դիրքեր, գոնե չաստում մնար, սակայն չլսեցին»,- ասաց նա:

Մահացած զինվորը Երեւանի Նոր Նորք թաղամասի բնակիչ էր, սովորում էր Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, բանակից զորացրվելուն մնացել էր ընդամենը 6 ամիս:

«Սկզբնական շրջանում շատ էր բողոքում, ավելի ճիշտ տեսողությունից էր խեղճանում, հետո կամաց-կամաց հարմարվեց: Եղբայրն էլ էր հետը ծառայում, կողքի խրամատն էր պահում: Դեպքի օրն էլ հենց եղբայրը կողքի խրամատում է եղել, չգիտենք՝ իրականում ինչ է տեղի ունեցել: Րոպեներ առաջ են Դերենիկի դին Երեւան բերել, եղբայրը՝ Հրաչիկն էլ է հետը: Գա տեսնենք՝ ինչ է պատմում»,- ավելացրեց նա:

20-ամյա զինծառայողի հայրն աշխատում է Երեւանի Մետրոպոլիտենում, դեպքի մասին առաջինը հենց հորը՝ Արամ Մանուկյանին են ասել: Տիկին Սուսաննայի պատմելով՝ Դերենիկի մորը դեռ ոչինչ չեն ասել, չգիտեն էլ ինչպես ասել, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ասել ենք, որ վիրավոր է, բայց միայն էդ մտքից էնպես վատացավ, որ ստիպված հիվանդանոց ենք տեղափոխել այսօր առավոտյան, հիմա վերակենդանացման բաժանմունքում է: Առողջական շատ լուրջ խնդիրներ ունի, չգիտենք էլ՝ ինչ կլինի: Հոր վիճակն էլ վիճակ չի, դեպրեսիվ է, չի հասկանում՝ ինչ է կատարվել ու էդպես էլ գնացել է դիակի հետեւից»:

Նշենք, որ զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է նրա ծառայակից Վոլոդյա Բաբիկյանը: