Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական առաջին նիստը հսկող ոստիկանները եղել են ալկոհոլի ազդեցության տակ եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ապօրինաբար չեն թողել մտնել դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:

«Ես  այսօր գնում էի Կենտրոնի դատարանի գրասենյակ, քանի որ այնտեղ գործ ունեի,  ցականում էի դատական նիստերից մեկի ձայնագրությունը վերցնել: Ոստիկաններն ինձ թույլ չտվեցին դատարան մտնել»,- պատմեց Վարդգես Գասպարին:

Նշենք, որ Վարդգես Գասպարին աղմուկ էր բարձրացրել դատարանի բակում եւ ամեն գնով փորձում էր ներս մտնել։

«Հանցագործ, ինչո՞ւ չես թողնում՝ ես անցնեմ, մտնեմ դատարան: Դու լակոտ ես, թափթփուկ ես, օլիգարխների կոշիկի լաթն եք դուք: Դուք ինչո՞ւ եք ալկոհոլ օգտագործած եկել այստեղ, դու սթափ չեք, ձեզանից ալկոհոլի հոտ է փչում: Ո՞ւր էիք դուք, երբ բժիշկՎահե Ավետյանին սպանեցին, դուք ուշացումով մտաք «Հարսնաքար» չէ՞: Դուք թաքնվել էիք ձեր մոր փեշերի տակ, չէ՞»,- ոստիկանների վրա գոռում էր  քաղաքացիական ակտիվիստը։