Օրերս Փարիզում մահացած, «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանին հողին կհանձնեն «Եռաբլուր» պանթեոնում՝ Մոնթե Մելքոնյանի կողքին։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Սմբատ Այվազյանի հոգեհանգստին NEWS.am-ին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Եռաբլուրը բոլորի համար հավասար է։ Եռաբլուրում բոլորը զինվոր են, որոնք ընկել են հայրենիքի համար։ Այստեղ կարեւոր չէ, թե նա որտեղ է լինելու։ Նա լինելու է իր մարտական ընկերների կողքին, այն հերոսների կողքին, որոնք իրենց կյանքը տվել են հայրենիքի համար։ Այնտեղ, որտեղ առաջարկել են իր մարտական ընկերները, մենք տեղում մեր աշխատակիցների կողմից ուսումնասիրվել եւ հատկացվել է այդ տեղը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, այսօր առավոտից «Եռաբլուր» պանթեոնում Մոնթե Մելքոնյանի շիրիմի կողքին մարտընկերները իրենց ձեռքով փորում էին Սմբատ Այվազյանի գերեզմանը։ Նրանք տեղեկություն ունեին, որ Պաշտպանության նախարարությունը որոշել է «Եռաբլուրում» մեկ այլ տարածք հատկացնել Սմբատ այվազյանի շիրիմի համար, որտեղ թաղված են գեներալները: Մեզ հետ զրույցում նրանք վստահեցրել էին, որ անկախ նախարարության որոշումից՝ իրենք իրենց որոշած վայրում են հուղարկավորելու Սմբատ Այվազյանին։

Նախարարի խոսքով՝ ինքը Սմբատ Այվազյանին հանդիպել է մեկ անգամ՝ Մարտակերտում մարտական գործողությունների ժամանակ։

«Բայց այդ մեկ անգամը չէ, որ պետք է բնորոշի նրա գործունեությունը, որ նա կանգնած է եղել մեր շարժման ակունքներում որպես եւ ղեկավար, եւ կազմակերպիչ, եւ նաեւ հայրենիքի զինվոր։ Անհրաժեշտության պահին կարողացել է կազմավորել, իր ընկերներին համախմբել եւ նաեւ դժվար պայմաններում լինել մեր հայրենիքի զինվորների կողքին։ Հետպատերազմյան տարիներին նրա գործունեությունն ուղղված էր պետության կայացմանը իր հնարավորության սահմաններում։ Նա նաեւ տարբեր պետական պաշտոններում եղած ժամանակահատվածումգործունեություն է ծավալել որպես հայրենիքի զինվոր, որպես երկրապահ, որպես բանիմաց անձնավորություն։ Մենք նրան նաեւ պետք է բնութագրենք որպես գաղափարի զինվորի, որովհետեւ առանց գաղափարի չի կարելի հասնել հաջողությունների։ Ես, իհարկե, ցավ եմ ապրում, մենք բոլորս էլ խոր կսկիծ ենք ապում, եւ անկասկած հարազատների, առաջին հերթին, եւ մարտընկերներին ուզում ենք մեր սփոփանքի խոսքերն ասել, համբերություն ցանկանալ։ Այն, ինչ ներդրել է Սմբատ Այվազյանը, այն ինչ իր գործունեության արդյունքում մնայուն է, պետք է հավերժ մնա եւ օրինակ լինի մեր սերնդակիցների համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։