Պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին մարտական ընկերներն այսօր՝ հունիսի 13-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում դիմավորեցին «Պապիկ, պապիկ, շնորհավոր» վանկարկումներով, քանի որ այսօր Վոլոդյա Ավետիսյանի առաջին թոռն է ծնվել։
Այսօրվա դատական նիստին ներկա է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Լրագրողների հարցին, թե ինչու մինչեւ հիմա չէր գալիս դատական նիստերին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ներկա-բացակայով չէ ամեն ինչ որոշվում, ես միշտ Վոլոդյա Ավետիսյանին պաշտպանել եմ»։
Նշենք, որ սկզբում ազատամարտիկներին առանց անձնագրերի ներս չէին թողնում, սակայն ավելի ուշ բոլորին թույլ տվեցին մտնել նիստերի դահլիճ։ Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն ասաց, որ իրենք երկու տարբերակ են առաջարկել՝ կամ կբոյկոտեն դատական նիստը, եւ ոչ ոք չի մտնի դահլիճ, կամ ճեղքելով ոստիկանների պատնեշը կմտնեն դատարան։
Դատավոր Լեւոն Ավետիսյանը դատական նիստն սկսելուց առաջ զգուշացրեց, որ եթե դահլիճում աղմուկ լինի, ինքը դատական դռնփակ նիստ անցկացնելու որոշում կկայացնի։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։











