Պահեստազորի գնդապետ, խարդախության համար մեղադրվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր՝  հունիսի 13-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հերթական անգամ ընդմիջվեց սկանդալով։

Մեղադրող Վարդան Պապիկյանը կարդում էր Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, երբ մի բառի վրա կմկմաց, դատավոր Լեւոն Ավետիսյանը հուշեց նրան, ինչը քմծիծաղ առաջացրեց Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած ազատամարտիկների շրջանում։

Դատավոր Լեւոն Ավետիսյանը ընդհատեց Վարդան Պապիկյանին՝ ասելով, որ ծիծաղողը ոտքի կանգնի։

Ազատամարտիկներից ոչ ոք չարձագանքեց, իսկ դատավորն ասաց. «Տղամարդկություն ունեք, ասեք՝ ով ծիծաղեց, թե չէ կանանց փեշի տակ թաքնվելով...»։

Ազատամարտիկ Յուրա Աթոյանը բարկացած ոտքի կանգնեց. «Ո՞վ կնգա փեշի տակ պահ կմտնի։ Մենք Սերժիկի փեշի տակը պահ չենք մտնի»։

Դատավորը պահանջեց, որ նա ներկայանա, ինչին ազատամարտիկը պատասխանեց. «Տո իմ անուն, ազգանունս քեզի լավ էլ հայտնի է, հետեւես մարդ կղրկես ավտոկայան, որ ինձի ահ տան։ Փեշի տակ դու կմտնիս»։

Դատական կարգադրիչները Յուրա Աթոյանին դուրս հանեցին դահլիճից, ազատամարտիկները նրան ճանապարհեցին ծափահարութուններով, ապա ոտքի կանգնեցին ու սկսեցին գոռգոռալ. «Ո՞վ կմտնի կգնա փեշի տակ։ 93թ. որտե՞ղ էիր դու, ո՞ւմ փեշի տակ էիր։ Մարդկանց կայնքը խորտակելով ապրում էիր։ Ինչո՞ւ ես վիրավորում քաղաքացիենրին»։

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ դատավորը սադրում է, իրենք հանգիստ նստած էին, իսկ նա սադրեց այդ միջադեպը։

Ազատամարտիկները սկսեցին գոռգոռալ, Վոլոդյա Ավետիսյանին դուրս տարան, դատավորն էլ, տեսնելով, որ անհնար է շարունակել դատական նիստը, հեռացավ։ Ընդմիջմանը ազատամարտիկներն աղմկում էին, պահանջում, որ դատավորը ներողություն խնդրի Յուրա Աթոյանից։ Ընդմիջումից հետո ազատամարտիկներին այլեւս կարգադրիչները թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։