Քննիչն անօրինական քայլ է կատարել եւ հիվանդանոցում դերասան Վարդան Պետրոսյանին ձեւաթուղթ չի տրամադրել, որպեսզի նա կարողանա ցուցմուք տալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ապացույցների հետզոտման փուլում հայտարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
«Դեպքից օրեր անց, երբ Վարդան Պետրոսյանը հիվանդանոցում էր, նա պահանջում է ձեւաթուղթ՝ ցուցմունք տալու համար, բայց քննիչը չի տալիս: Մենք էլ ձայնագրում էինք քննիչի խոսքը, դա ձայնագրված կա, բայց նա դեմ էր, որ իր խոսքը ձայնագրեք: Քննիչն ասաց, որ երբ ստորագրի նրան որպես մեղադրյալի ներգրավելու մասին փաստաթուղը, այն ժամանակ էլ ձեւաթուղթը կտա: Վարդան Պետրոսյանը ստորագրեց, բայց նա նորից չտվեց ձեւաթուղթ: Վարդան Պետրոսյանը ցանկանում էր ցուցմունք տալ ու ասել, որ ինքն իրեն մեղավոր չի համարում: Սա հին տրյուկ ա, ցուցմունք են վերցնում միայն տուժողից»,- հայտարարեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկեց՝ հայտարարելով, որ պաշտպանական կողմն ուղղակի փորձում է «բացը լրացել». «Մինչեւ այսօր էլ գործում չկա Վարդան Պետրոսյանի ցուցմունքը, նա դա չի տվել, հիմա այս կերպ նրանք փորձում են այդ բացը լրացնել»:
Երբ այս հարցով Նիկոլայ Բաղդասարյանը եւ Ռուբեն Բոլոյանը սկսեցին վիճաբանել, դատավորն ասաց. «Եկեք ուրիշ ապացույցներ հետազոտենք, հետո դուք իրար կտեսնեք, կպարզաբանեք այս հարցը»:
Իսկ երբ Նիկոլայ Բաղդասարյանը սկսեց օրենքից մեջբերումներ անել քաղաքացու ցուցմունք տալու կարգի մասին, դատավորն ասաց. «Պարոն Բաղդասարյան, դուք այստեղ դասախոս չեք, Բալոյանն էլ ձեր ուսանողը չի, մի շարունակեք»:
Ապացույցների հրապարակումից հետո պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի արած հայտարարությունները բարկացրեցին տուժող Արթուր Հակոբյանին:
«Մեզ ձեզանից մի հատ ներողություն էր պետք: Էնի գլուխը կերել ա երկու երեխու, դու էլ շարունակում ես ուտել»,- ասաց Արթուր Հակոբյանը:
Դատավորը նախաազգուշական սանկցիա կիրառեց եւ ասաց, որ մյուս անգամ նման պահվածքի դեպքում Արթուր Հակոբանին կհեռացնի դահլիճից:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











