Հակոբյանների «Նիվա» մակնիշի մեքենայի մեջ գազի բալոն տեղադրելու թույլտվություն չի եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ հենց գազի բալոնն է եղել երկու երիտասարդների մահվան պատճառը։

«Գազի բալոնը սեղմել է, երեխաները հայտնվել են երկու նստարանների արանքում։ Եթե չլիներ գազի բալոնը, «Նիվա» մակնիշի մեքենան կշպրտվեր առաջ, դեֆորմացիա չէր լինի, երեխաները չէին մահանա։ Դատաբժշկական փորձաքննության մեջ հաստատված է, որ երեխաների մահը վրա է հասել սեղմելու ժամանակ ողնաշարի կոտրվելու հետեւանքով»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ առանց թույլտվության գազի բալոն տեղադրելը տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների կոպիտ խախտում է։

Նշենք, որ բալոնի տեղադրման թույլտվության բացակայությունը պարզ դարձավ ավտոտեխսպասարկման փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում։ Հիշեցնենք, որ Հակոբյանների վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան եղել է Գյուղնախարարության հաշվեկշռում։ Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ գյուղնախարարությունում չէին կարող չիմանալ, որ մեքենայում գազի բալոն է տեղադրվել, դա պարզապես արվել է գումար տնտեսելու նպատակով։

«Գյուղնախարարությունը համաշխարհային բանկից ստացել է վարկ, որով ձեռք է բերել «Նիվա» մակնիշի մեքնեաները։ Նրանց տրամադրում են բենզինի չեկեր, որ բենզինով լիցքավորեն մեքենաները, քանի որ կանոնակարգով նրանց չի թույլատրվում այդ տեսակի մեքենայի մեջ գազի բալոն տեղադրել։ Նրանք գազի բալոն են տեղադրել ու դրանով տնտեսել 1,7 մլն դրամ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

NEWS.am-ի հարցին՝ կարող էր արդյոք գազի բալոնի Հակոբյան եղբայրների մահվան պատճառ լինել՝ տուժողի կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն ասաց. «Գազի բալոնն այդ վթարի հետ կապ չունի։ Սա կարծես թե դատավարության հաջորդ սերիան է։ Միգուցե ասեն, որ գազի բալոն չլիներ, վթար է՞լ չէր լինի։ Ես Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությունը համարում եմ անպարկեշտ»։

Ավտոտեխսպասարկման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Հակոբյանների վարած «Նիվա» մակնիշի մեքենան եղել է սարքին վիճակում։

Նշենք, որ դատաքննությունը հասել է ապացույցների ուսումնասիրման փուլ։ Այսօրվա նիստին տուժող կողմից ներկա էր միայն Արթուր Հակոբյանը, որը, ի դեպ, ամբողջ դատական նիստին նստած էր մեջքով դեպի Վարդան Պետրոսյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը։

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 19-ին։

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին: