Օրերս Փարիզում մահացած, «Տիգրան մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության անդամ, ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանին «Եռաբլուրում» վերջին հրաժեշտը տալիս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը ելույթ ունեցավ Սմբատ Այվազյանի անունից՝ հավաքվածներին փոխանցելով մահվանից հետո իր երազում եկած ազատամարտիկի խոսքը։

 «Ի լուր հանրության` հայտարարի, որ ես ապրել եմ բուռն ու փառահեղ կյանք: Ապրելը տարիներով չի որոշվում, այլ թողածով ու արարածով: Մի տարի ուղիղ ինձ կյանք պարգևեցին, ինձ հետ տառապեցին, ինձ հետ չարչարվեցին անմռունչ, լուռ: Միայն մի բանի համար եմ ափսոսում, որ չհասցրի շնորհակալություն հայտնել: Դու տեսա՞ր իմ բարեկամներին: Բա իմ համագյուղացինե՞րին: Ես ապշած եմ՝ որտեղից մարդկանց էդքան սեր ու գորովանք իմ հանդեպ: Իսկ իմ «Տիգրան Մեծի» տղաները: Հայաստանի սարերում էլ խոտ, տերև չմնաց, բոլորը իմ կյանքը թեկուզ մեկ օրով ավելացնելու համար ամեն ինչ արել են: Իսկ երեկվա այդ արարողությունը: Ամբողջ Երևանն էր սգում: Իմ գործն ավելի բարդ է, քան քոնը՝ խոսք ասելու առումով: Ես ի՞նչ պիտի ասեմ Սպարապետին էս երկրի համար»,-հանգուցյալի անունից ասաց Սուրեն Աբրահամյանը, ապա իր կողմից հավելեց, որ Սմբատ Այվազյանի հոգեհանգստի ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եղած մթնոլորտն աննախադեպ էր վերջին 10 տարիների ընթացքում.

«Այնտեղ չկար վատ իշխանություն և լավ ընդդիմություն կամ ուժեղ իշխանություն և թույլ ընդդիմություն։ Իրեն հարիր մի պարզությամբ՝ «Չափիդ մեջ մնա, չափովդ ապրիր» փիլիսոփայությամբ էր պայմանավորված այն մթնոլորտը, որ Սմբատն իր մահով մեզ պարգևեց»,-հայտարարեց Սուրեն Աբրահամյանը:

Նշենք, որ Սմբատ Այվազյանին հողին հանձնեցին «Եռաբլուրում»՝ Մոնթե Մելքոնյանի կողքին:

Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը մահացել է հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Ֆրանսիայում: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ և բուժման համար հերթական անգամ մեկնել էր Փարիզ: