Ազատամարտիկները դիմելու են Արդարադատության խորհուրդ, որպեսզի պատասխանատվության ենթարկեն իրենց «կանանց փեշի տակ մտած» անվանած՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին:
«Մենք հայտարարություն ունենք. կամ ներողություն եք խնդրում ազատամարտիկներից, կամ մենք Արդարադատության խորհրդին դիմում ենք Ձեր ոչ վայել պահվածքի համար»,- այսօր` հունիսի 13-ին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստին՝ ընդմիջումից հետո, դատավորին դիմեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
«Ուր ուզում եք՝ դիմեք»,- պատասխանեց դատավորը։
Գագիկ Սարուխանյանը վրդովվեց դատավորի պատասխանից. «Դուք այդքան սանձարձակված եք, որ ասում եք՝ դիմեք, ում ցանկանո՞ւմ եք: Ներողություն խնդրեք ազատամարտիկներից, մեզանից ոչ մեկ կանանց փեշի տակ մտած չի, դուք ներողություն խնդրելով՝ կմեծացնեք Ձեզ, ոչ թե Ձեր ասածը կպնդեք մինչեւ վերջ»:
Դատավորը փորձեց արդարանալ, որ իր ասածը ժողովրդական խոսք է, սակայն ազատամարտիկները չհանդարտվեցին, եւ դատավորը ստիպված հետաձգեց դատական նիստը:
Ազատամարտիկներն սկսեցին վանկարկել՝ «ներողություն»՝ պահանջելով, որ դատավորը ներողություն խնդրի, դատավորը հեռացավ նիստերի դահլիճից:
Ազատամարտիկները Վոլոդյա Ավետիսյանին ճանապարհեցին «Ազատություն» վանկարկումներով, իսկ դատավորին՝ դժգոհության սուլոցներով:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 23-ին:
Նշենք, որ դատավոր Լեւոն Ավետիսյանն այսօր «կանանց փեշի տակ մտած» անվանեց ազատամարտիկներին, երբ վերջինները քմծիծաղ տվեցին իր խոսքի վրա։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:











