Սուննիների «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները համացանցում իրաքյան բանակի գերեվարված զինվորների մահապատժի լուսանկարներ են հրապարակել:

Զինվորները, որոնք չեն կարողացել կանգնեցնել իսլամիստների գրոհը, մի կողմ են նետել զինվորական համազգեստը եւ փորձել են փախչել, սակայն զինյալները գերի են վերցրել նրանց: Մի շարք լրատվամիջոցների տեղեկացմամբ, իսլամիստները գնդակահարել են մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդու: Չհաստատված տեղեկություններով, կադրերն արվել են Թիքրիթում՝ երկրի հյուսիսային քաղաքներից մեկում, որն այժմ իսլամիստ զինյալների ձեռքում է: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ սուննիների խմբավորման խոշոր գրոհը սկսվել է մեկ շաբաթ առաջ: Ծայրահեղականները նախ գրավեցին Մոսուլը՝ մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքը, ինչպես նաեւ Թիքրիթը, Սադամ Հուսեյնի հայրենի քաղաքը: Այնուհետեւ նրանք առաջ շարժվեցին դեպի հարավ՝ Բաղդադի ուղղությամբ, սակայն մայրաքաղաքի մերձակայքում կառավարական զորքերը կասեցրեցին նրանց առաջխաղացումը:

Միաժամանակ, երկրի իշխանությունները հայտարարում են, որ հունիսի 15-ին ոչնչացրել են 279 ծայրահեղականի եւ այրել հակառակորդի 14 տրանսպորտային միջոց: Հաղորդվում է նաեւ, որ Իրաքի հատուկջոկատայինները կարողացել են վերահսկողության տակ վերցնել Մոսուլի օդանավակայանը: