Կառավարության դիմաց ապրիլի 17-ին մուկ եւ կատու բաց թողնելու պատճառով 20 հազար դրամ տուգանքի ենթարկված Սուսաննա Մարգարյանին, այսօր՝ հունիսի 16-ին, Ազատության հրապարակումայդ գումարը հավաքելու ժամանակ բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը ժամը 13:00-ին Ազատության հրապարակում արձանի պատվանդանին փակցրել էր  «Մկան հախը՝ 20 000 դրամ» գրությամբ պաստառ եւ մարդկանց հորդորում էր 10 դրամ տալ, որպեսզի հավաքվի տուգանքի գումարը:

«Դա «Մուկն ու կատուն» խրատական ակցիա էր, խրատական շոու. ուզում էի ասել՝ հերիք է ժողովրդից կրեք, մկան նման վերջին փշուրը մի տարեք: Տուգանում են՝ պատճառաբանելով, որ կեղտոտել եմ մայթը. մկան համար կուկուրուզի ձողիկ էի տարել որպես կեր, մի քիչ թափվել էր գետին: Մեկ էլ պատճառաբանում են, որ  մուկը արտաթորանք է թողել կառավարության մայթին: Իսկ երբ ոստիկանները ծխում են, հետո դա գցում գետնին, դա կեղտոտել չի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկը։

Սուսաննա Մարգարյանը խորհրդանշական ակցիայով հավաքում է տուգանքի գումարը, բայց չի պատրաստվում այն վճարել, դիմել է դատարան:

«Մի քանի փաստաբան համաձայնել են անվճար իմ շահերը պաշտպանել եւ ապացուցել, որ ինձ օրենքից դուրս են տուգանել: Գործը շահելուց այս 20 հազար դրամը, կամ որքան որ հավաքվի, նվիրաբերելու եմ մանկատներից մեկին»,-ասաց կին ազատամարտիկը։

Երբ Սուսաննա Մարգարյանն սկսեց գումար հավաքել եւ պաստառը փակցրեց, նրան մոտեցան ոստիկաններ, որոնք կարճատեւ զրույցից հետո հեռացան:

«Տղերք, հանգիստ գնացեք, էս 20 000 դրամը կհավաքվի, խելոք կգնամ տուն: Պաստառը փակցնելով՝ ես ստեղ չեմ կեղտոտում, էս արձանի վրա ում անունը ասես կա գրած, մնացել է թուրքի անունները գրվեն»,- ոստիկաններին ասաց կին ազատամարտիկը:

Ավելի ուշ, սակայն, կնոջը բերման են ենթարկել։ Այս պահին Սուսաննա Մարգարյանը ոստիկանության բաժնում է: