2012թ. հունիսի 1-ին ԼՂՀ պաշտպանության բանակի Հադրութի զորամասերից մեկի մարտական դիրքերում հրազենային վնասվածքից մահացած գյումրեցի 19-ամյա զինծառայող Սարո Սամվելյանի ծնողները կարծում են, որ իրենց որդու մահվան հանգամանքների բացահայտման գործն անուշադրության է մատնված, տպավորություն է, որ ուզում են կոծկել գործը։ Նրանք բացառում են ինքնասպանության պաշտոնական վարկածը։ Մայրը՝ Էլիզա Սամվելյանը, ասում է, որ որդուն դաժան ծեծի են ենթարկել, այնուհետեւ կրակել բերանի մեջ։
«Ւմ տղային սպանել են իր հայրենակիցները, իմ տղան չէր կարող ինքնասպան լինել, եթե ինքնասպան է եղել, ապա ինչո՞ւ զենքի վրա ո՛չ թքի հետք, ո՛չ էլ մատնահետքեր չկան, ասում են, թե էդ հետքերը սպան է մաքրել, բայց էդ մարդն ասում է՝ ինքը ոչինչ չի մաքրել, զենքին մոտիկ չի գնացել: Սարոյի մարմնի վրա վերքեր, կապտուկներ ու ուռուցքներ կար, նրա գլխի վրա գունդ կար, որ վկայում է այն մասին, որ նրան ծեծել են, նոր սպանել»,- NEWS.am-ին պատմեց տիկին Էլիզան:
Տիկին Էլիզան պատմեց, որ դեպքից թեեւ շատ քիչ տեղեկություններ են իրենց հայտնի, բայց որդու ծառայակիցներից մի քանիսը պատմել են մարտական դիրքում տեղի ունեցածը՝ խուսափելով որեւէ մեկի անունը նշել։
«Դեպքի օրը կռիվ է տեղի ունեցել մարտական երկու դիրքերի զինվորների միջեւ՝ հեռախոսի պատճառով, կռիվը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում կոշտ առարկաներով հարվածել են Սարոյի գլխին, վերջինն ուշագնաց է եղել: Մինչեւ բուժկետի աշխատակիցը հասել է դեպքի վայր, Սարոն արդեն մահացած է եղել»,- պատմեց Սարոյի մայրն ու հավելեց, որ դատարանում սերժանտներն այլ բան են պատմում, որ Սարոն սերժանտ Սերյոժա Կարապետյանի եւ մյուս զինվորների հետ ճաշել է, հետո, երբ բոլորը գնացել են ծառայությունը շարունակելու՝ Սերյոժա Կարապետյանը Սարոյին գտել է նույն սեղանի մոտ արդեն մահացած վիճակում:
Տիկին Էլիզայի խոսքով՝ ականատես զինվորներին զգուշացրել են կատարվածի մասին լռել, իրականությունը չպատմել. «Էնքան են ծեծել այս տղաներին, որ ոչ մեկը չի ցանկանում դատարան գալ ու վկայություն տալ, ասել են, եթե ուզում եք ապրել, կատարվածի մասին չեք խոսում, գնացեք ու ապրեք ձեզ համար, ոչինչ չեք տեսել ոչինչ չեք լսել»:
Գործով դատավարությունը Ստեփանակերտում վերջերս է սկսվել: Դատարանում, ըստ տիկին Էլիզայի, գործով շատ քիչ վկաներ են ներգրավվել։ Սարոյի ծնողները միջնորդություն են ներկայացրել դատական գործը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում լսելու վերաբերյալ, քանի որ իրենց համար դժվար է ամեն անգամ Ստեփանակերտ հասնելը, սակայն միջնորդությունը մերժվել է։
Սարոն բանակ է զորակոչվել 2011թ. դեկտեմբերի 23-ին, նա ճանաչվել էր պիտանի ո՛չ շարային ծառայության համար։ Պաշտոնական վարկածով, Սարոն ինքնասպան է եղել 2012թ. հունիսի 1-ին, սակայն մոր տեղեկություններով՝ նրան սպանել են մայիսի 27-ին։
Սարո Սամվելյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ք.Օ 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՝ ինքնասպանության հասցնելը: Գործով երկու անձ ձերբակալված են ՝ նույն զորամասի կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, զինվոր Արմենակ Ավետիսյանը, իսկ ավագ լեյտենանտ Ռազմիկ Խանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:











