Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը, որն սկսվել էր այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան, կարճ ժամանակ անց դադարեցվեց մշակույթի նախարարության ներկայացուցչի հրահանգով։ Շինհրապարակ այցելած՝ Մշակույթի նախարարությանը կից հուշարձանների պահպանության գործակալության պետ Կարո Այվազյանը հայտարարեց, որ ապամոնտաժումն իրականացնող «Միլենիում քընսթրաքշն» ընկերությունը մշակույթի նախարարությանը մեկ օր առաջ պետք է նամակով տեղեկացներ ապամոնտաժման աշխատանքները սկսելու մասին, եւ ստանար թույլտվություն, ինչը, սակայն, չի արել (ֆոտոռեպորտաժ)։
«Ես ստիպված եմ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի որ նամակը չեմ ստացել, չնայած իրենք ասում են, որ ուղարկել են»,- լրագրողներին եւ ակտիվիստներին ասաց Կարո Այվազյանը։
Ապամոնտաժման եւ վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Լեւոն Վարդանյանը, որն այսօր նույնպես Աֆրիկյանների շենքի տարածքում էր, իր աշխատակիցներին խնդրեց բերել փաստաթղթերի ամբողջ փաթեթը, քանի որ հազմոված էր, որ այնտեղ առկա է պահանջվող փաստաթուղթը։ Լրագրողների եւ ակտիվիստների ներկայությամբ նա թերթեց ամբողջ փաթեթը, բայց այդպես էլ չգտավ մշակույթի նախարարության կնիքով թույլտվությունը՝ ապամոնտաժման աշխատանքները սկսելու վերաբերյալ։
Լեւոն Վարդանյանը զայրացավ իր աշխատակցի վրա, ու նրան հետ ուղարկեց փաստաթղթի հետեւից։
Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ ապամոնտաժման աշխատանքների իրականացման պատասխանատու Գագիկ Շիրինյանի եւ ճարտարապետ, Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարող Սարհատ Պետրոսյանի միջեւ՝ ապամոնտաժման օրինականության շուրջ։
«Դավայ, ռադ էղի ստեղից, սուտխոսան»,- ասաց ճարտարապետը, ինչը բարկացրեց Գագիկ Շիրինյանին, որն սկսեց հայհոյել։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոչ ոք Աֆրիկյանների շենքի մոտից չի հեռանում։ Ակտիվիստների թիվը գնալով ավելանում է։ Ակտիվիստները տեղում «Ֆեյսբուքով» իվենթ են պատրաստում ու կանչում ընկերներին միանալու իրենց պայքարին։
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











