Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկված՝ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դատական նիստին այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն ընդունեց Կիվիրյանի փաստաբանի միջնորդությունը՝ իրենց ներկայացրած հակընդդեմ հայցի առարկան փոխելու վերաբերյալ։
«Մենք պահանջում ենք ոստիկանության գործողությունները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ճանաչել ոչ իրավաչափ։ Նախկինում մենք ցանկանում էինք, որպեսզի դատարանը ճանաչի Արգիշտի Կիվիրյանի ազատության, անձեռնմխելիության, խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի խախտումը, իսկ այժմ մենք ավելացնում ենք նաև ոստիկանների կողմից իրականացված գործողությունները. ոստիկանության աշխատակիցները բռնություն են կատարել Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ, սպառնացել և վիրավորել են նրան»,- դատարանին ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը։
Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին ասաց, որ օգոստոսի 24-ին իր պաշտպանյալին խոշտանգել են, և երբ Կիվիրյանը բժշկական օգնության կարիք ուներ, ոստիկանները նրան չեն օգնել։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ավագ խորհրդատու Դիանա Վարդանյանը հակադարձեց, որ ոստիկանները բժիշկներ չեն և պարտավոր չեն որևէ մեկին բժշկական օգնություն ցուցաբերել։
«Երբ ոստիկանները տեսել են, որ Արգիշտի Կիվիրյանն իրեն վատ է զգում, զանգել են 1-03 և բժիշկ կանչեցին նրա համար»,- նշեց հայցվոր կողմի ներկայացուցիչը։
NEWS.am-ի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ ոստիկանությունն ունի պարտականություն՝ անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու ցանկացած մեկին, ով դրա կարիքը զգում է։
«Այդ օրը Արգիշտի Կիվիրյանին համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվել, նույնիսկ մենք, որպես փաստաբաններ, գտնվելով այնտեղ՝ խնդրել ենք, որպեսզի նրան բժշկական օգնություն ցույց տան, որը ցույց չի տրվել, և միայն բաժնում ոստիկանության աշխատակցի համար հրավիրված բժիշկներին մենք ինքներս խնդրել ենք Արգիշտի Կիվիրյանին բուժօգնություն ցույց տալ, անգամ այդ ժամանակ ոստիկանները թույլ չէին տալիս, որպեսզի նրան տեղափոխեն հիվանդանոց։ Միայն մեր միջամտությունից հետո է ոստիկանությունը թույլ տվել Արգիշտի Կիվիրյանին տեղափոխել հիվանդանոց»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Արգիշտի Կիվիրյանը NEWS.am-ին ասաց, որ հայցվոր կողմը ստում է ՝ ասելով, որ ոստիկաններն իր նկատմամբ որևէ բռնություն չեն իրականցրել։
«Ոստիկանությունը ոչ միայն այս, այլեւ բազմաթիվ գործերով իմ նկատմամբ իրականացրել է բռնություն։ Մեր կողմից այդ հայտարարությունն ուղղակի հայտարարություն չի, կան բազմաթիվ ապացույցներ։ Կան բազմաթիվ տեսագրություններ, որոնք ապացուցում են, թե ոստիկանությունը օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում և Արաբկիրի ոստիկանության դիմաց ինչ վարքագիծ է դրսևորել։ Կոմիտաս 5 հասցեում ոստիկանության աշխատակիցները զբաղված էին աղջիկների վզերը լպստելով, աղջիկներին իրենց գիրկը նստեցնելով և մնացած ապօրինություններով։ Կարելի է ասել ոստիկանությունն այդ օրը զբաղված էր դասական այլասերությամբ»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Նշենք, որ դատական նիստը հետաձգվեց, քանի որ Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները ցանկություն հայտնեցին ծանոթանալ Կոմիտաս 5-ի դեպքերի տեսագրությանը, որը դատարանին տրամադրել էր հայցվոր կողմը։
«Այս սկավառակը վարչական վարույթի մաս չի եղել, և մենք ծանոթ չենք դրա բովանդակությանը։ Քանի որ հայցվոր կողմը նախօրոք սկավառակը չի տրամադրել, մեզ ժամանակ է պետք այն հետազոտելու և որոշելու համար, թե արդյոք այն կարող է սույն գործով դիտարկվել, որպես ապացույց»,- դատարանին ասաց Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին։
Հիշեցնենք, որ Կիվիրյանը օգոստոսի 24-ին բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեից եւ դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Կիվիրյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրա մոտ գլխուղեղի ցնցում էին ախտորոշել:Ոստիկանությունը իր աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրգործ էր հարուցել Արգիշտի Կիվիրյանի դեմ: ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը զեկուցագիր էր գրել, իբր Երեւանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթեւեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա.Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել եւ բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Կիվիրյանն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ոստիկանների ապօրինությունների վերաբերյալ։











